Հայաստանում կստեղծվեն կիբերզորքեր. Չոբանյան 

Հայաստանում առաջիկայում ստեղծվելու են կիբերանվտանգության գործակալության և կիբերզորքեր, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

«Ազատություն». – Ձեր գլխավորած գերատեսչությունը կարծես պատասխանատու է նաև կիբեռանվտանգության ռազմավարության մշակման համար, խոսում են, որ պետք է կիբեռանվտանգության գործակալություն ստեղծվի Հայաստանում։ Կարո՞ք եք մի փոքր մանրամասնել, ինչո՞վ է զբաղվելու այդ գործակալությունը։

Չոբանյան. – Աշխարհը արդեն բավականին վաղուց այս թեման կարողացել է ձևակերպել առ այն, որ տվյալների անվտանգությունը, տեղեկատվական անվտանգությունը պակաս կարևոր ռազմական, հենց ռազմական նշանակություն ունի երկրի համար անվտանգային տեսանկյունից։ ինչպես որ քսաներորդ դարի զինված ուժերի համակարգը։ Քսանմեկերորդ դարի զինված ուժերի համակարգում, մեր կողմից նշված տարբեր տեխնոլոգիական նորամուծություններով հանդերձ, շատ առաջնակարգ դեր պիտի ունենա տեղեկատվական անվտանգությունը կամ կիբեռանվտանգությունը՝ այն բոլոր խորություններով, որը որ պահանջում է երկրի անվտանգությունը, ներառյալ մինչև կիբեռզորքերի ստեղծումը։ Մեր կողմից այս փուլում իրականացվում է ռազմավարական և մարտավարական փաստաթղթերի մշակումը, առաջիկայում նաև կներկայացվի Հայաստանում կիբեռանվտանգության գործակալություն ստեղծելու առաջարկությունը։ Ես համոզված եմ, որ սա նոր քայլ կլինի մեր երկրում այդ համակարգերի զարգացումը խթանող միջավայր ստեղծելու, հարթակ ստեղծելու։ Կազմակերպություն, որը պատասխանատու պիտի լինի ստանդարտների իրականացման համար, կազմակերպությունը, որը նաև պիտի մշակի կանոնները, կանոնակարգերը, պետք է պատրաստի մասնագետներին։ Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր առնվազն պետական մարմին, ինչու եմ ասում առնվազն, որովհետև ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակում դա պետք է վերաբերի նաև հատկապես հանրային ծառայություններ, կամ հանրային նշանակություն ունեցող մասնավոր կազմակերպություններին, պետք է ունենան կիբեռանվտանգության իրենց պատասխանատուներին և պրոֆեսիոնալ կազմակերպություններ, որոնք սպասարկում են իրենց ցանցերը, տեխնիկան, որոնք ապահովում են մեր երկրի անվտանգությունը։ Որովհետև, ես կարծում եմ, որ առաջիկա տասը տարիների ընթացքում մեր հիմնական մարտահրավերները լինելու են հատկապես այս դաշտում։

«Ազատություն». – Հետևաբար կիբեռզորքերի ստեղծման նպատակն էլ սա է, բնականաբար։

Չոբանյան. – Մենք առաջին քայլերն ենք կատարում այս առումով։ Հետագայում մեր գործընկերների հետ՝ Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության հետ, մենք բոլոր մնացած քայլերը, կարծում եմ, հաջողությամբ իրականություն կդարձնենք։

«Ազատություն». – Պատերազմի ժամանակ բորոլս տեսանք, որ հայկական զինված ուժերի թերևս ամենախոցելի կողմը օդային ուղղությունն էր, օդուժն էր։ Եվ հատկապես ադրբեջանական ռազմուժի անօդաչու թռչող սարքերը բավականին մեծ վնասներ պատճառեցին։ Այս առումով ի՞նչ է արվում Հայաստանի ռազմարդյունաբերության կոմիտեում։

Չոբանյան. – Մենք ստեղծել ենք մի համակարգ, որով հնարավորություն ենք տալիս որևէ գաղափար ուղղակի դուրս չմնա քննարկումից, և այս ամիսների ընթացքում մենք լուծել ենք այդ խնդիրը նախարարության միջոցով և նախարարության գործընկեր տարբեր կառույցների միջոցով։ Այս ոլորտը աշխարհի ամենաաճող ուղղություններից է, և պետք է հաշվի առնել, որ նույն քաղաքացիական կամ կոմերցիոն դաշտում մինչև 2023 թվականը ակնկալվում է այդ շուկայում մոտավորապես կրկնապատկում։ Անօդաչու թռչող սարքերի մասին է խոսքը։ Իսկ 2030 թվականին նախատեսվում է, որ այդ շուկան կհասնի մինչև 93 միլիարդ դոլարի։ Դա հսկայական ծավալ է։ Ինչ վերաբերում է բուն ռազմական նշանակությանը, լուծումներին, ես կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է կրկին սինխրոնիզացիան այս բոլոր իրականացվող ծրագրերի, որովհետև դա բազմադիսցիպլինար ուղղություն է։ Մենք ասում ենք անօդաչու թռչող սարքեր, բայց ինքը բազմաթիվ դիսցիպլիներից է բաղկացած։ Եվ երկրորդը, մենք պետք է այսօր իրականացնենք իրականում գերազանցող տեխնոլիգիական մշակումներ, ոչ թե կրկնօրինակման, այլ գերազանցող լուծումներով, այդ թվում, բնականաբար, այս թեմաների հսկայական մասը, կամ հիմնական մասը պետք է լինի գաղտնի և չպետք է խոսվի դրա մասին։ Ասեմ, որ մենք վերջին շրջանում այդպիսի ոչ ենք որդեգրել՝ չխոսել հնարավորինս ռազմարդյունաբերության մասին, առավել ևս կոնկրետ լուծումների մասին։ Եվ առաջին ելքը կամ ներկայացումը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կլինի 2022 թվականի մարտի վերջին, երբ որ Հայաստանում տեղի կունենա հերթական ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.