Հեղափոխությունից հետո դատական համակարգը դեռևս չի զտվել, և այն դեռ մաքրելու անհրաժեշտություն կա, այսօր հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը։
Նա վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ վերականգնվի դատական համակարգի նկատմամբ տասնամյակներով կորցրած վստահությունը, ավելին՝ համակարգը մաքրելու են արդարադատության դեմ հանցագործություն կատարած դատավորներից։
«Մեր խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը այդ ձեր ասած զտման մեխանիզմի վերաբերյալ նախագիծ է պատրաստել, բավական երկար մեր գործընկերների հետ աշխատել են, և շուտով դա կուղարկենք Ազգային ժողով կամ Կառավարություն։ Տեսնենք ով է ստանձնում էդ նախագծի այսպես ասենք՝ լոկոմոտիվի դերը։ Էնպես որ, մենք հետ չենք կանգնել... Այո, իհարկե պետք է մաքրվեն էն մարդիկ, ովքեր հանցագործություններ են կատարել արդարադատության դեմ», - ասաց Ջհանգիրյանը։
Ամիսներ առաջ Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ նշանակված Գագիկ Ջհանգիրյանն ընկալվում է որպես իշխանության մերձավոր։ Նրա նշանակման հարցն ուղեկցվել էր քննադատությամբ։
Այն ժամանակ դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի նախագահ Ռուբեն Վարդազարյանն էր հայտարարել, թե Ջհանգիրյանը չի կարող նշանակվել խորհրդի անդամ տարիքային սահմանափակման պատճառով։ Իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ, հակառակ փաստարկներն էին բերել։
Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալուց ամիսներ հետո քրեական գործ հարուցվեց խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, դատական խորհուրդը կասեցրեց նրա լիազորությունները մինչև քրեական գործի ավարտը։
Իշխանության ու Վարդազարյանի հարաբերությունները լարվել էին վարչապետ Փաշինյանի՝ պատերի տակ վնգստացող դատավորների մասին հայտնի հայտարարությունից հետո, երբ Վարդազարյանը ընդդիմադիրների ձերբակալությունների ժամանակ դատավորներին հիշեցրել էր այս մասին, ինչից հետո դատավորները մեկը մյուսի հետևիզ ազատ էին արձակել ընդդիմադիրներին։
Վարդազարյանն այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար:
Մեղքը չընդունող Վարդազարյանը բողոքարկել էր իր լիազորությունները կասեցնելու որոշումը։ Վարդազարյանը։ Նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն առաջադրելիս հաշվի չէր առնվել նրա՝ որպես ԲԴԽ նախագահ անձեռնմխելիությունը։ Սակայն դատախազությունը պնդում է, թե այս քրեական գործը չի առնչվում նրա լիազորություններին, հետևաբար անձեռնմխելիության հարց չկա։
Նույն կարծիքին է նաև Ջհանգիրյանը, որը հերքեց կասկածները, թե իշխանությունն է իրեն բերել է այս կառույց, որպեսզի զբաղեցնի Վարդազարյանի տեղն ու իշխի դատավորներին. - «Ստացվում է, որ դեռևս 16 թվականից պլանավորել էին, որ Բարձրագույն դատական խորհրդի էս գործող նախագահին պիտի ինչ-որ ձևով հեռացնեն, հետո էլ ես ԲԴԽ-ում պետք է լինեի էդ 16 թվից որոշված, տարիքով էլ ամենաավագը լինեի, որ ես փոխարինեի։ Ախր չի կարելի տենց, չգիտեմ ինչ ասեմ... խուճուճ սխեմա մտածել»։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ով հեղափոխությունից հետո էր սպասում դատական համակարգում բարեփոխումների, ակնկալում է, որ համակարգից կհեռացվեն նախկինում արդարադատության հետ որևէ աղերս չունեցող դատավորները. - «Օրինակ, էդ նույն զտումը, որը մեզ համոզում էին երկար ժամանակ Արդարադատության նախարարությունը, առհասարակ պետական մարմինները, որ զտում են իրականացնում, այնինչ խոսքը գնում էր նոր նշանակվող դատավորների մասին և ոչ թե նախկինում մեծ գույքի տիրացած և հանցագործությունների կատարած դատավորների մասին»։
Ջհանգիրյանի նախաձեռնությամբ ուսումնասիրվել են 2016-ից մինչև 2018-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում դատավորների կայացրած որոշումները կալանավորումների մասին։ Ստացվել է, որ մինչև հեղափոխությունը դատարանները մեծամասամբ կայացրել են կալանավորման որոշումներ, իսկ հեղափոխությունից հետո մեծամասամբ մերժել են կալանքի միջնորդությունները։
Ջհանգիրյանը չի կարծում, թե պատճառը հեղափոխությունից հետո դատավորների ստացած անկախությունն է, կամ ներքին համոզմունքի հիման վրա որոշումներ կայացնելը։ Փակագծեր չբացելով՝ նա խոսեց որոշ դատավորների կողմից բիզնեսով զբաղվելու մասին. - «Որոշ դատավորների ներքին համոզմունքը մինչև 18 թվականը էդ միջնորդություններում եղել է ընդամենը 2-3 տոկոս դեպքերում, 18 թվականց հետո՝ 50, 40, 60 տոկոս դեպքերում»։
Իրավապաշտպանն այստեղ խնդիր է տեսնում։ Չի կարելի նախկին ռեժիմի օրոք աշխատած դատավորների վարքագիծը համեմատել այժմյանի հետ, ասում է Կարապետյանցը ընդգծելով՝ անգամ նախկինից եկած կասկածելի վարքագծով աշխատած դատավորների նկատմամբ ճնշում չպետք է գործադրվի. - «Իմ կարծիքով, սա կարող է նշանակել հետևյալը, որ դատավորներին մեսիջ են ուղարկել՝ ոչ ուղղակի, մի փոքր ձևափոխված։ Որ տեսեք, մենք ձեր որոշումները հետազոտել ենք, ձեր որոշումների մասին ունենք տեղեկություններ, և էդ տեղեկությունները հուշում են, որ դուք ժամանակին էնքան էլ օրինական որոշումներ չեք կայացրել, ու այ սա հենց էն մահակն ա, որը ձեր գլխին բոլորի կախված ա»։
Ջհանգիրյանի օրոք գործերի մակագրումները մի շարք դատարաններում կատարվում է դատարանների նախագահների ընտրությամբ, ոչ թե էլեկտրոնային եղանակով։ Նա ասաց, թե պատճառը ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է համակարգի նկատմամբ արտաքին միջամտության համար, որի շրջանակում առգրավվել են այդ համակարգիչները, իրենք էլ օգտվել են օրենքի ընձեռած հնարավորությունից։
Մինչդեռ շատ փաստաբաններ բարձրաձայնում են, թե սրանով գործերը կարող են մակագարվել իշխանությունների սրտի ուզած դատավորներին։