Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և մի շարք այլ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպել և պահանջել են չեղարկել կորոնավիրուսի կապակցությամբ նախագահ Էմանյուել Մակրոնի սահմանած նոր պահանջներն ու արգելքները:
Մակրոնի կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցներ, որոնք գործնականում պարտադիր են դարձնում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, քանի որ լուրջ արգելքներ են ենթադրում վակցինայից խուսափողների համար:
Իշխանությունները ներմուծում են «առողջության անձնագիր»՝ փաստաթուղթ, որը վկայում է կորոնավիրուսով վարակվելու և կազդուրվելու, ստուգման բացասական արդյունք ստանալու կամ ամբողջությամբ պատվաստվելու մասին:
Ֆրանսիայում չափահասների մոտ կեսն արդեն ստացել է վակցինայի երկու դեղաչափ և ամբողջությամբ պատվաստվել է:
Նմանօրինակ պահանջներով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում: