Անցած գիշեր թալիբներն Աֆղանստանի հարավում հրթիռակոծել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի օդակայանը: Թալիբների փոխանցմամբ, նրանք օդակայանը թիրախ են դարձրել իրենց դիրքերի վրա պետական բանակի գրոհներին վերջ տալու համար:
Օդակայանի աշխատակիցներն ասել են, որ հրթիռակոծության հետևանքով թռիչքուղին վնասվել է, և չվերթները դադարեցվել են: Օդակայանը մեծ նշանակություն ունի Քանդահարի մատակարարման համար:
Թալիբները միաժամանակ մարտեր են մղում և փորձում են հարավում գրավել ևս երկու խոշոր քաղաքներ՝ Հերաթը և Լաշկար Գահը:
Այդ երեք քաղաքների ճակատագիրը չափազանց կարևոր է Քաբուլի կառավարության համար, որը փորձում է առանց օտարերկրյա բանակների աջակցության հսկողության տակ պահել երկիրը:
Թալիբների և պետական բանակի ռազմական առճակատումից նախևառաջ տուժում է քաղաքացիական բնակչությունը:
Հելմանդի նահանգի վարչակազմի պաշտոնյա Աբդուլ Մաջիդ Աբխունդզադան լրատվամիջոցներին ասել է, որ «մեծ թվով խաղաղ բնակիչներ այս պահին ծուղակի մեջ են հայտնվել և չեն կարողանում հեռանալ ռազմական գործողությունների շրջանից»: