Ալիևը հոկտեմբերին կմեկնի Սերբիա` մասնակցելու Չմիացած երկրների շարժման նիստին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերին կմեկնի Սերբիա: Նախորդ անգամ նա Սերբիա է այցելել 2011 թվականին:

Երեկ Ալիևը Բաքվում ընդունել է Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչին: Սերբիայի արտաքին գերատեսչությունն այսօր հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահը Բելգրադ կմեկնի հոկտեմբերի 10-ին:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 11-ին, Բելգրադում կգումարվի Չմիացած երկրների շարժման առաջին կոնֆերանսի 60-ամյակին նվիրված նիստ:

Նախագահ Ալիևը և նախարար Սելակովիչը քննարկել են նաև ադրբեջանա-սերբական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Ադրբեջանը Չմիացած երկրների շարժման ներկայիս նախագահողն է: Չմիացած երկրների շարժման անդամներ են այն պետությունները, որոնք արտաքին ասպարեզում ռազմաքաղաքական խմբավորումներին չեն անդամակցում: