Իսրայելում սկսվել է վաթսունն անց քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ներարկելու ծրագիրը, որն առաջինն է աշխարհում։
«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մեծածավալ ուսումնասիրություննեիի և հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև վարակի «դելտա» տարբերակի տարածվածության վտանգը»,- հայտարարել է վարչապետ Նաֆտալի Բեննեթը։ Կառավարությունը խոստանում է նաև ծրագրի ընթացքի և արդյունքների մասին տվյալները փոխանցել Միացյալ Նահանգներ, որտեղ արդեն համաճարակի դեմ պայքարի մասնագետները կորոշեն՝ արժե արդյոք կիրառել իսրայելական այս փորձը։
Առաջիններից մեկը երրորդ դեղաչափը ստացել է նախագահ Իցհակ Հերցոգը, մեկ ժամ անց՝ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ընդհանուր առմամբ, Իսրայելը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում պատվաստումների թվով. վերջին տվյալներով` երկրում լիովին պատվաստված է չափահաս բնակչության 55 տոկոսից ավելին։