Թբիլիսիում գտել են ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովի դին

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովը շտապօգնության մեքենայում, Թբիլիսի, 12 հուլիսի, 2021թ.

Վրաստանի մայրաքաղաքում հայտնաբերել են ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովի դին:

Առաջին հաղորդագրության համաձայն, նրան մահացած են գտել բնակարանում, բայց հետո տարածվել է տեղեկություն այն մասին, որ Հուսեյնովը դուրս է ընկել բազմահարկ շենքի պատուհանից:

Բակիխանովի բարեկամները և ծանոթները չեն բացառում, որ տեղի է ունեցել սպանություն, վրեժխնդրություն նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից, քանի որ բլոգերը տեր և տիկին Ալիևների գերդաստանի և նրանց շրջապատող ու շահերը սպասարկող պաշտոնյաների խիստ քննադատներից էր:

Բլոգերը փախուստի էր դիմել հայրենիքից: Ադրբեջանցի ընդդիմադիրներից շատերը տեղափոխվում են Վրաստան, որտեղ ապաստանում են կամ այնտեղից էլ՝ ճանաչվելով հալածյալ ու ստանալով պատկան թույլտվությունները, ուղևորվում են Արևմուտք:

Այդպիսով, ինչ-որ իմաստով ադրբեջանցի ընդդիմադիրներից ոմանց համար Վրաստանը «նախաարևմուտք» է դառնում, քանի որ անհամեմատ ավելի ազատ երկիր է, քան Ադրբեջանը: Եվ այնուամենայնիվ, անվտանգության առումով, երաշխիքներ չկան:

Երիտասարդ Բակիխանովը Վրաստանում քաղաքական ապաստան է խնդրել` դիմումը պատճառաբանելով հայրենիքում հալածանքների ենթարկվելու համագամանքով: Նա, կարծես, ինչ-որ վատ բան էր կանխազգում:

Youtube-ում հուլիսի 12-ին տեղադրած վերջին հոլովակում նա պատմել է մի ծեծկռտուքի մասին, ասելով, որ Թբիլիսիում 5 անծանոթ տղամարդիկ իր վրա են հարձակվել: Նա այդ տեսագրությունը «սելֆի» եղանակով կատարել է վրացական շտապօգնության մեքենայում: Հայացքը և ձայնը վկայում են անթաքույց մտահոգության մասին:

Երիտասարդը նշել է, որ չի կարող վստահ պնդել, թե հարձակումն Ադրբեջանի պետությունն է կազմակերպել, բայց չի կարող նաև բացառել այդ վարկածը:

Զոհվելուց երկու օր առաջ նա իր բարեկամներից մեկին՝ Ավթանդիլ Մամադովին ասել է, որ հարձակվողներն ադրբեջանցիներ են եղել: Այդ միջադեպի մասին է պատմել նաև ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին, ով 2017 թվականին առևանգվել է Թբիլիսիում, փոխադրվել է Բաքու և դատապարտվել: 2020-ին նրան ազատ են արձակել և թույլատրել են տեղափոխվել Գերմանիա: Նրա առևանգումը Վրաստանում մեծ սկանդալ է առաջացրել և հանգեցրել է մի շարք վրացի պաշտոնյաների հրաժարականի:

Մուխթարլին Վրաստանի իրավապահներին և լրագրողներին կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել Հուսեյն Բակիխանովի կասկածելի մահվան գործը:

Մուխթարլիի փոխանցմամբ, երիտասարդ բլոգերը միջադեպից հետո դիմել է Թբիլիսիի ոստիկաններին և պահանջել է նաև բժշկական տեղեկանք, որը կարձանագրեր ծեծի ենթարկվելու փաստը, սակայն վրացիները բուժզննում չեն կատարել:

Ըստ Մուխթարլիի, Հուսեյն Բակիխանովին Բաքվում ձերբակալել են այս տարվա մայիսի 7-ին բողոքի ակցիայի ընթացքում:

Ադրբեջանի իրավապահները նրան դատապարտել են 15 օրվա վարչական կալանքի, բանտում ծեծել են, կտտանքների են ենթարկել և նույնիսկ սպառնացել են բռնաբարել:

Դուրս գալով բանտից` նա տեղափոխվել է Վրաստան, որտեղից էլ սկսել է Youtube-ում տեղադրել Ալիևի ռեժիմը քննադատող տեսահոլովակները:

Ընդամենը մի քանի օրից Բակիխանովը Վրաստանում պետք է ստանար փախստականի կարգավիճակ: