Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի օկուպացված տարածքներ այցերն անընդունելի են և սադրիչ բնույթ ունեն․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտգործնախարարությունն անթույլատրելի է համարում 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը։

Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի, հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն՝ ընդգծելով՝ Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք:

«Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերի անընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը», - ասված է Արցախի արտգործնախարարության հայտարարությունում։

ԼՂ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է՝ Արցախի դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը։

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակներն այսօր այցելել են Շուշի, ծանոթացել Շուշիում ընթացող շինարարական աշխատանքներին։