Պաշտոնական Բաքուն սահմանային լարումներով փորձում է Հայաստանից ստանալ Նախիջևանին կապող միջանցք ու հասնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանն առնչվող պայմանագրի կնքման, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Միջանցք ասելով ադրբեջանցիները նկատի ունեն երկաթուղային, հնարավոր է նաև ավտոմոբիլային ճանապարհ Հայաստանի հարավով՝ Սյունիքով՝ Ադրբեջանից Թուրքիա։ Որպեսզի այդ ճանապարհը լինի, որպեսզի գնացքները չդադարեն երթևեկը, այդ միջանցքի անվտանգությունը չվերահսկվի, չապահովվի հայերի կողմից։ Սա առաջին։ Երկրորդ՝ ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ այնպիսի պայմանագիր, որը Ադրբեջանի ներսում հնարավորություն կունենա ներկայացնել որպես փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի սահմանները, դրա մեջ փաստացի ներառելով նաև Արցախը», - ասաց քաղաքագետը։
Սահմանային բախումների հրահրումն Ադրբեջանի կողմից ճնշումների միայն տեսանելի հատվածն են, ոչ տեսանելին, ըստ Իսկանդարյանի, դիվանագիտական ճնշումներն են, «Արցախի հարցը լուծված է» հռետորաբանությունն ու ռազմագերիների առկայության գործոնը։
Սյունիքի տարածքով միջանցքն ու Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը պաշտոնական Բաքվի կարճաժամկետ նպատակն է, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Նրա խոսքով՝ երկարաժամկետով էլ Ադրբեջանը ցանկանում է անվստահություն, խուճապ տարածել սահամանամերձ մարզերի բնակչության շրջանում։
«Նրանց հասկացնել, որ նույնիսկ ձեր ամենահիմնարար, ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ, որ ցանկացած պահի դուք կարող եք կորցնել ոչ միան ձեր գույքը, տները, անասունները, այլև ուղղակի ձեր կյանքը՝ ֆիզիկապես սպանվեք, հետևաբար երկարաժամկետ հեռանկարում, այստեղ խոսքը գնում է տարիների և գուցե 10-15 տարվա մասին, հնարավորինս խթանել արտագաղթ Հայաստանի սահմանամերձ մասերից մինիմում դեպի Երևան, իսկ իդեալական տարբերակն Ադրբեջանի համար ընդհանրապես Հայաստանից դուրս և ունենալ հնարավորինս քիչ բնակեցված սահմանամերձ մարզեր, խոսքը վերաբերում է թե՛ Սյունիքին, թե՛ Գեղարքունիքին, թե՛ Վայոց Ձորի մարզին, հնարավոր է նաև Արարատի մարզին», - ասաց Բենիամին Պողոսյանը։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վտանգ է տեսնում, որ Ադրբեջանը կարող է մասնակիորեն հասնել իր նպատակներին։ Ասում է՝ Հայաստանի վրա ճնշումը մի քանի ուղղություններից է, իսկ պաշտոնական Երևանն այս պահին ի վիճակի չէ պաշտպանելու սեփական շահը։
«Հայաստանը չունի ռեսուրսներ, որով հնարավոր է դիմակայել այդ ճնշմանը, կամ էլ դրանք քիչ են։ Ցանկացած բանակցություն, փոխգործակցության ցանկացած փորձ՝ դելիմիտացիայից մինչև պայմանագրի կնքում, կամ ճանապարհների ապաշրջափակում, դրանք պահանջում են որոշակի հավասարություն կողմերի միջև, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր շահերը։ Հայաստանն այս պահին այդպիսի հնարավորություն չունի», - ասաց Իսկանդարյանը։
Բենիամին Պողոսյանն էլ համոզված է՝ անգամ այս իրավիճակում Հայաստանն ունի հնարավորություն գործընթացը երկարաձգելու համար, երկարաձգելու այնքան ժամանակ, որպեսզի ստեղծվեն նոր հնարավորություններ՝ ավելի շահավետ իրավիճակում հայտնվելու համար։ Այնուհանդերձ քաղաքագետը լավատես չէ, որ սահմանային անկայուն իրավիճակը կարող է կարգավորվել մոտակա ամիսներին, անգամ՝ տարիներին։
«Այս ամեն ինչին վերջ տալու լավագույն լուծումը դա երկու ճանապարհն է, առաջին՝ փորձել ուժեղանալ ինքդ, որպեսզի կարողանաս գոնե Ադրբեջանին հասկացնես, որ նմանատիպ քայլերի դեպքում ինքը բավականաչափ կոշտ պատասխան է ստանալու, երկրորդ՝ իհարկե աշխատել մեր գործընկերների հետ», - ասաց Պողոսյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է արդեն տևական ժամանակ։ Ավելի քան երկուսուկես ամիս է՝ Ադրբեջանի զինուժը Գեղարքունիքի ու Սյունիքի ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք ու չի հեռանում։ Այս ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել հայ ու ադրբեջանցի զինվորականների միջև։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ երեկվա սահմանային բախման հետևանքով էլ 3 հայ զինծառայող զոհվեց, 5-ն էլ վիրավորվեց։