Ռուս խաղաղապահների միջնորդությամբ հրադադարը վերականգնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. ՊՆ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները մարտական դիրքերում, արխիվ

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ռազմական գերատեսչության հավաստմամբ՝ շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Սրանից մոտ մեկ ժամ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդել էր, որ Բաքուն ընդունել է հրադադարի՝ ռուսական կողմի առաջարկը, մեղադրել հայկական կողմին հրադադարը չպահպանելու մեջ ու պնդել, որ հայկական կողմը տանկեր ու ականանետեր է կիրառում։

Մարտական գործողությունները հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում սկսվել են գիշերը և շարունակվել այսօր առավոտյան: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով երեք զոհի և երեք վիրավորի, ևս մեկ անհետ կորածի, ադրբեջանական կողմը՝ երկու վիրավորի մասին: