Կքննարկվի Երևանի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը

Երկու օրից Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը։ Նախագիծը ներկայացրել են իշխող «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներ Լևոն Հովհաննիսյանն ու Արմեն Գալջյանը։ Առաջարկում են վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակների դրույքաչափերը։

Հիմնավորման մեջ նշվում է՝ «քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էր ենթարկվել դեռևս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարակ աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը:

«Առաջարկվող նախագծով շուրջ 30 տոկոսը առաջարկվում է բարձրացնել միջին օղակի աշխատավարձերը, դրանք են՝ առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, երկրորդ կարգի մասնագետ, փոխքաղաքապետերինը բարձրանում է շուրջ 114 տոկոսով, առաջին տեղակալին մոտավորապես նույնքան, քաղաքապետին՝ շուրջ 130 տոկոս: Կարծում ենք, որ բարձր օղակների պատասխանատվությունը էլ ավելի շատ է և այն դրույքաչափերը, որոնք սահմանված են գործող կարգով էականորեն ցածր են այն պատասխանատվության չափից, որը կրում են հատկապես բարձր օղակի համայնքային պաշտոնյաները», - ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանը:

Ըստ նախագծի համահեղինակ Արմեն Գալջյանի՝ Երևանի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի լինելու, բացատրում է՝ այս նախագծով աշխատավարձից զատ մինչ օրս տրված պարգևավճարներն այժմ արդեն որպես հիմնական աշխատավարձ է տրվելու։

«Շուրջ 7 միլիարդ ընդհանուր պարգևատրումների ֆոնդ և հիմնական աշխատավարձի ֆոնդ, այդ գումարները այսպես, թե այնպես երկու տարի տրվել են, շուրջ 7 միլիարդ: Մենք պարզապես այս նախագծով պարգևատրումների ֆոնդը տեղափոխում ենք աշխատավարձերի ֆոնդի վրա, որպեսզի աշխատակիցները ստանան հիմնական ֆիքսված աշխատավարձ և տարբեր իրադարձությունների բերումով տատանումներ չլինեն: Երբ որ մենք խնդիր ենք ունենում բարձրակարգ մասնագետ հրավիրելու, մենք պետք է այդ մասնագետին ասենք, որ քո աշխատավարձը այսքան է, ոչ թե այսքան է, կարող է լինի պարգևավճարով այսքան կամ այնքան», - նշեց Գալջյանը:

Նախագծին այսօր անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նշելով, որ համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Միևնույն ժամանակ ընդգծել, որ օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը, քաղաքապետը, սակայն, դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա:

«Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն՝ 415 հազար դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության», - նշել է Մարությանը։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետը այս դիրքորոշումն է ունեցել դեռ 2019-ից. «Տարօրինակ բան չկա, ոչ էլ զարմանալու բան կա և նույնիսկ նորություն էլ չկա, որովհետև, եթե կհիշեք 2019 թվականի գարնանն էլ նմանատիպ նախագիծ ներկայացվել էր ավագանու հաստատմանը, այդ ժամանակ ուղղակի քվեարկություն տեղի չունեցավ, և այդ ժամանակ էլ քաղաքապետն իր դիրքորոշումը հայտնեց, որ ինքը հրաժարվում է բարձրացման մասից՝ դրանով ցույց տալով, որ խնդիրը ոչ թե սեփական թիմի կամ սեփական բարեկեցության հետ կապված խնդիր լուծելն է, այլ ընդհանրապես համակարգային խնդիր լուծելն է՝ անկախ քաղաքապետերի անձից կամ քաղաքապետարանում աշխատող անձանց մարդկանց թիմի, կոնկրետ տվյալ ժամանակամիջոցում գտնվող քաղաքական թիմից»:

Դեռ 2019-ին Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել էր քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերը բարձրացնելու առաջարկ, բոլորինը հավասար՝ 30 տոկոսով: Խաժակյանը ևս հիմնավորել էր, որ տարիներ շարունակ քաղաքային իշխանությունում աշխատավարձ չի փոխվել։ Սակայն այն ժամանակ էլ «Իմ քայլ»-ի օրակարգում աշխատավարձի փոփոխության հարց չկար։

Այս նոր ներկայացված նախագծի համահեղինակների կարծիքով՝ ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում։ Ընդգծում են, որ նկատվում է նաև մասնագետների որոշակի արտահոսք, որը բացասական ազդեցություն է թողնում Երևանի զարգացման տեսլականին:

Մայրաքաղաքի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, ով 2020-ի դեկտեմբերին դուրս է եկել ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, չի կարծում, որ նախագծի շնորհիվ համակարգային փոփոխություններ կարող են լինել։

«Չկա որևէ վերլուծություն, որ քանի հոգի է գնացել և ինչի պատճառով է գնացել և արդյոք այդտեղ կար նաև աշխատավարձի ցածր լինելու կոմպոնենտը: Ես կարծում եմ, ես նույնիսկ վստահ եմ, որ չկա որևէ լուրջ վերլուծություն, որ փաստում է, որ այս աշխատավարձերի բարձրացումը, օրինակ, կանխատեսում, թե որքան ժամանակ հետո այն ցանկալի փոփոխությունը տեղի կունենա քաղաքի մակարդակով քաղաքապետարանի աշխատանքների և վարչական շրջաններինը նաև աշխատակիցների մակարդակով», - նշեց Ավանեսովը:

Վերջերս նույն՝ տարիների ընթացքում տեղի ունեցած ծախսերի էական ավելացման հիմնավորմամբ հնգապատկվեց պատգամավորներին տրամադրվող ամսական ծախսերի գումարը՝ 50 հազարից դառնալով 250 հազար։ Քաղհասարակությունը քննադատեց այս փոփոխությունը՝ պահանջելով օրենսդիրներին վերանայել որոշումը և հաշվետու լինել հարկատուների հաշվին ծախսած յուրաքանչյուր դրամի համար։