Միջերկրականում՝ Լիբիայի ափի մոտ ջրահեղձ է եղել առնվազն 57 միգրանտ

Լիբիայից Միջերկրականով Իտալիա ուղևորվող միգրտանտների նավակը, արխիվ

Լիբիայի ափի մոտ նավակի խորտակման հետևանքով խեղդվել է առնվազն 57 միգրանտ, այդ թվում` երկու տասնյակ կին և առնվազն երկու երեխա: Աղետը վերապրածների թվում են միգրանտներ Նիգերիայից, Գանայից և Գամբիայից:

Ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ալ-Խումս անվամբ լիբիական առափնյա ավանից Միջերկրական ծով դուրս եկած նավակը շրջվել է:

«Հիմա մենք Լիբիայում օգնություն ենք ցույց տալիս, ջուր և պարեն ենք տրամադրում աղետը վերապրածներին, այս վերջին ողբերգությամբ 2021 թվականին Միջերկրականում զոհված տղամարդկանց, կանանց և երեխաների թիվը մոտեցավ 970-ին: Այս տարի Միջերկրականով միգրանտների փոխադրումներն ակտիվացել են, ավելացել են ապօրինի փոխադրումները կասեցնելու դեպքերը և Եվրոպա հասնող միգրանտների թիվը»,- ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Փոլ Դիլոնը:

Նրա փոխանցմամբ, Ալ-Խումսից Միջերկրական ծով դուրս եկած նավակը, ենթադրաբար, պետք է հասներ Եվրոպա: