Բլոգեր Պրոտասևիչին տեղափոխող օդանավը Մինսկում իջեցրած ավիադիսպետչերը Բելառուսից փախուստի է դիմել

Բելառուս - Ryanair-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում, 23-ը մայիսի, 2021թ.

Ավիադիսպետչեր Օլեգ Գալեգովը, ով Մինսկում իջեցրել էր բլոգեր Ռոման Պրոտասևիչին տեղափոխող ինքնաթիռը, Բելառուսից փախուստի է դիմել: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հուլիսի սկզբին Գալեգովն ընտանիքի հետ գաղտնի լքել է երկիրը՝ առանց գործընկերներից որևէ մեկին տեղեկացնելու իր ծրագրերի մասին:

«Բելաէրոնավիգացիա»-ի աշխատակիցները, որտեղ աշխատում էր դիսպետչերը, ասել են, որ Գալեգովն անհետացել է՝ անջատելով հեռախոսը և ջնջելով իր էջերը սոցիալական ցանցերում:

Իր հերթին, «Բելաէրոնավիգացիա»-ից հայտնել են, որ Գալեգովն արձակուրդ է վերցրել հունիսին, և ընկերությունը «ոչինչ չգիտի նրա աշխատանքից հեռանալու մասին»:

Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող իռլանդական Ryanair ընկերության օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում:
Ավելի ուշ պարզվել էր, որ ինքնաթիռի անձնակազմին վայրէջքը պարտադրվել էր Բելառուսի իշխանությունների հրամանով, որպեսզի կալանավորվեն երկրում բողոքի ակցիաները լուսաբանող Nexta Տելեգրամ ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել Մինսկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սոցիալական թշնամանք հրահրելու մեղադրանքներով: