Հարթագյուղի համայնքապետի պաշտոնակատարը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել, նախկին գյուղապետը հերքում է մեղադրանքները

34 տարվա համայնքի ղեկավարի հրաժարականից հետո պաշտոնակատար նշանակված Հարություն Սարգսյանը Լոռու մարզի Հարթագյուղի համայնքապետարանում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել ու ձեռքի տակ եղած բոլոր փաստերն ուղարկել իրավապահներին՝ քննության։ Համոզված է՝ ուսումնասիրությունից հետո համայնքի 0 դրամով իրեն հասած բյուջեն կհամալրվի, իր խոսքով համայնքից ապօրինաբար տարված գումարները ետ կգան։

«Նույն սխեմայով՝ բարեկամ, ծանոթ, ընկեր, հարազատ, նույն ոճն է եղել, հին համայնքապետերի աշխատաոճն է, որը մենք տվյալ պահին ուզում ենք փոփոխենք, ընդհանրապես չլինի բարեկամ, ծանոթ», - ասաց Սարգսյանը:

Մեկ շաբաթ առաջ համայնքապետի պաշտոնակատար նշանակված Հարություն Սարգսյանն անգամ շենքեր է մատնանշում, գյուղի հատակագծում դրանք նշված են որպես համայնքի սեփականություն հանդիսացող վաճառքի ոչ ենթակա կառույցներ, բայց գոյություն չունեն։ Փաստաթղթերով պարզ չէ՝ դրանք ուր են, վաճառվե՞լ են, քանդվե՞լ, թե՞ այլ ճակատագրով անհետացել։ Փաստ է՝ համայնքը դրանից որևէ օգուտ չի տեսել, ասում է նորանշանակ ղեկավարը։

«Հին դպրոցի շենք է, անասնագոմերն են, նոր կառուցված ֆաբրիկայի շենքն է, որ ընդհանրապես խնդիր չի ունեցել, մեքենաները պիտի դնեին ու աշխատացնեին, չկա, գոյություն չունի հիմա, անհայտ ուղղությամբ գնացել է: Իրանց ամենաակտուալ տարբերակը՝ վաճառվել ա՝ ի շահ համայնքի: Հին համայնքապետարանի շենքը հիմա նորմալ վիճակում է, գույքը չկա, կարևորը շենքը տեղում է», - նշեց նա:

Գյուղում նորաստեղծ ընտանիքներին վարձակալությամբ տրամադրելու համար նախատեսված ազատ պահուստային հող այս պահին չկա։ Արդեն նախկին համայնքապետը դրանք շահավետ պայմաններով դեռ 2016-ին բաժանել է իր մերձավորներին։ Միայն գյուղապետի ընտանիքի տիրապետության տակ եղած մոտ 20 հա հողատարածքների դիմաց տեղական բյուջե տարեկան վճարվում է ընդամենը 60 հազար դրամ։ Մինչդեռ ամեն տարի համայնքի ղեկավարի ընտանիքն այստեղից մեծ քանակներով խոտ է ստանում ու վաճառում գյուղացիներին։

«8 հեկտար մի տղու անունով ա, 7 հեկտար մի տղու անունով ա, 3 հեկտար իր անունով ա, սենց բաժանվել ա: Համապատասխան մարմինները զբաղվում են, հանձնել ենք թղթաբանությունը, պատասխանը կլինի: Էդ ամեն ինչը վերադարձվելու է համայնքի ֆոնդին ու բաժանվելու է այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն», - նշեց Սարգսյանը:

Դեռ խորհրդային տարիներից գյուղը ղեկավարած Անդրանիկ Հարությունյանը մի բառով հերքում է բոլոր մեղադրանքները՝ զրպարտում են։ Ասում է՝ 34 տարի ծառայել է համայնքին, այսօր որոշել է զբաղվել բիզնեսով։ Դա է հրաժարականի պատճառը։

«Ես ծառայել եմ իմ երկրին, իմ հայրենի գյուղին», - ասաց Հարությունյանը:

«Ազատության» հարցին, թե որն է եղել գյուղի կարևոր ձեռքբերումը իր պաշտոնավարման տարիներին, Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց. «Սկսած երկրաշարժից՝ հայթայթելով վրաններից սկսած, չարչարվել, ծառայել եմ իմ համայնքին: Չեմ կարծում, որ դժգոհ լինեին, եթե դժգոհ լինեին, էդքան ես չէի երկարի»:

Դեռ մեկ տարի առաջ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել ու մեղադրանք առաջադրել Հարթագյուղի արդեն նախկին գյուղապետի նկատմամբ։ Չարաշահում, յուրացում, կեղծիք. բոլոր այս հոդվածները կան մեղադրանքում։ Ըստ քրեական գործի, համայնքապետը տարիներ շարունակ աշխատանքի չներկայացող աշխատակիցներ է ունեցել, ավագանու որոշումների տակ նիստերին բացակա անդամների ստորագրություններ կեղծել։ Համայնքային հողը որդուն է վաճառել, որ բարձր վարձավճարով բջջային օպերատորին տալու և ամսական եկամուտ ստանալու հնարավորություն ունենա։ Այս դրվագով երկու ամիս առաջ դատարանն արդեն դատավճիռ է կայացրել և Անդրանիկ Հարությունյանին դեռ գյուղապետ եղած ժամանակ տուգանել։

Դատարանը պարզել է, որ գյուղապետն անձամբ է կազմակերպել հողամասի ձևական աճուրդը՝ գլխավորել աճուրդային հանձնաժողովը, մասնակցել որպես աճուրդավար, ու ինքն էլ ստորագրել հողամասը որդուն վաճառելու մասին պայմանագիրը։ Տեղական ինքնակառավարման անցած 25 տարիներին 1200 բնակիչ ունեցող Հարթագյուղում մոտ տասն անգամ գյուղապետի ընտրություններ են տեղի ունեցել։ Միայն երկու անգամ է համայնքի ղեկավարը մրցակից ունեցել։ Մյուս դեպքերում միանձնյա առաջադրվել է ու գրեթե միաձայն ընտրվել։

«Երկու անգամ եղել է, որ թեկնածու եղել է, 50 ձայնից ավելի չեն հավաքել տվյալ անձինք», - ասաց Սարգսյանը:

Հարություն Սարգսյանն ասում է՝ Հարթագյուղում հոկտեմբերին հավանաբար ընտրություններ տեղի կունենան։ Նորանշանակ պաշտոնակատարն ասում է՝ ինքը կառաջադրվի՝ վստահ, որ անպայման մրցակիցներ կունենա. «Հաճելի կլինի, որ մրցակիցներ լինեն, որ հասկանանք ժողովրդի կարծիքը, ավելի հետաքրքիր կլինի»:

Լոռու մարզի մի շարք համայնքներում այս պահին Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ստուգումներ է իրականացնում։ Ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ մոտ մեկ ամսից կավարտեն ստուգումներն ու պարզ կլինեն արդյունքները։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ մարզի մի քանի համայնքապետեր, այդ թվում՝ Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական տվեցին։ Վերահսկողական ծառայությունից ասացին, որ Գյուլագարակը ևս իրենց կողմից ստուգվող համայնքների ցանկում է։