Հուլիսի 30-ն կմեկնարկի Գրքի երևանյան 4-րդ փառատոնը

Տարվա ամենասպասված և սիրված գրական իրադարձություններից է Գրքի երևանյան փառատոնը, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ  և աջակցությամբ:

Այս տարի այն կանցկացվի հուլիսի 30-31-ին և կամփոփվի օգոստոսի 1-ին ին:

Գրքի երևանյան 4-րդ փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա Նկարիչների միությունում հուլիսի 30-ի կեսօրին ՝ ներառելով տարբեր գրական իրադարձություններ ոչ միայն Նկարիչների միությունում, նաև հանդիպակաց մայթին գտնվող «Զանգակ» գրատանը, որտեղ ի թիվս այլ միջոցառումների, փառատոնի շրջանակներում կկայանա նաև հանդիպում անվանի գրող, գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի, հետո էլ այս տարվա Եվրոպական միության գրական մրցանակակիր Արամ Պաչյանի հետ:

«Գրքի երևանյան փառատոնը իսկապես գրական Երևանի ամենասպասված և ամենամասշտաբային իրադարձությունն է, որիմ մասնակցում են հրատարակչությունները, գրականության ոլորտի մասնագետները, նաև նրանք, որոնք սիրում են գրականություն և ընթերցանություն։ Գրքի փառատոնը ունի մի քանի բաղադրիչ։ Առաջին բաղադրիրը՝ գրքի տոնավաճառը, տեղի է ունենալու Նկարիչների միության առաջին հարկի մեծ ցուցասրակում, որտեղ հրատարակչությունները իրենց գրքերը վաճառելու են 20-60 տոկոս զեղչով։ Ցանկացողները կարող են գումար խնայել, հավաքել և այդ օրը տուն գնալ ծանր տոպրակներով։ Նկարիչների միության բեմում տեղի են ունենալու շնորհանդեսները այնպիսի գրքերի, որոնք հրատարակվել են վերջին մեկ տարում, և դրանք կարելի է հրատարակչական դաշտում առանձնացնել։ «Զանգակ» գրատան երկրորդ հարկում տեղի են ունենալու բանախոսություններ, քննարկումներ, վարպետության դասեր ամենատարբեր թեմաներով։ Իսկ միջոցառումների մյուս մասը՝ «Մոսկվա» կինոթատրոնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փառատոնի համակարգող, ԿԳՄՍ նախարարության գրական բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը։

Գաղտնիք չէ, որ երևանյան գրական փառատոնի կարևորագույն բաղադրիչն է նաև գրական մրցույթը, որին, ինչպես նախորդ տարիներին, մեծ է գրողների մասնակցությունը: Այս տարի մրցույթը կանցկացվի միայն արձակի և պոեզիայի անվանկարգերում:

«Գրական մրցույթը արդեն ամփոփման փուլում է, և մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու օգոստոսի 1-ին, ժամը 19-ին։ Բոլոր այն գրողները, որոնք հայտ են ներկայացրել արձակ և պոեզիա անվանակարգերում, կարող են այդ օրը ներկա լինել արդյունքները իմանալու համար, որովհետև մինչ այդ արդյունքները չեն հրապարակվելու», - փոխանցեց Սարգսյանը

Մրցանակաբաշխությունունը նույնպես կկայանա Նկարիչների միության ցուցասրահում: Յուրաքանչյուր անվանակարգում այս տարի նախատեսված է մեկական մրցանակ՝ 250 հազարական դրամ պարգևով։ Հաղթողները կստանան նաև փառատոնը խորհրդանշող արձանիկ և հատուկ չարենցյան մրցանակ, որը նախապատրաստել է Չարենցի տուն-թանգարանը:

Ի պատասխան հարցին, թե որն է այս փառատոնի հիմնական նպատակը, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ փառատոնի շնորհիվ մի քանի խնդիր են լուծում. - «Փառատոնը հենց իր մասշտաբայնությամբ գրականության, գրքի նկատմամբ հետաքրքրությունը կենտրոնացնում է։ Նպատակ ունի խթանելու ընթերցանությունը, ժամանակակից գրողների գրքերի մասին տեղեկատվությունը ավելի հասանելի դարձնելը, ինչպես նաև մարդկանց՝ մշակութային լրահոսին առնչվելը, որովհետև հիմնականում լրատվամիջոցները քաղաքական դերի առաջնայնությամբ են գնում։ Աժիոտաժը, որը առաջանում է Գրքի երևանյան փառատոնի շուրջ, կարծում եմ, որ գրականության ոլորտի նորությունները պատշաճ լուսաբանվում են նաև այս օրերին։ Ուզում եմ ասել, որ նպատակը գրող – գրական գործակալ – գրական մամուլ – հրատարակիչ շղթան ավելի ամրացնելն է, որովհետև երբեմն այդ օղակներից մեկը լավ չի աշխատում, և գրողի գործի հանրայնացումը պատշաճ չի կատարվում»։