Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը շեշտում է՝ Անկարան «բոլոր ուժերով» աջակցել է Բաքվին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշ, արխիվ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում հայտարարել է, թե Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, թե Երևանը պետք է հրաժարվի տարածաշրջանային խնդիրների լուծումը Հարավային Կովկասից դուրս փնտրելու «սովորությունից», և կրկնել է վեց երկրների ձևաչափով համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախագահի գաղափարը։

«Համոզված եմ, որ փոխգործակցության ամենաճիշտ ուղին վեցի պլատֆորմն է՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի մասնակցությամբ։ Բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից», - ասել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը, նշելով, թե Երևանում վերջապես պետք է գիտակցեն, որ լարվածության նոր օջախների ստեղծումը ոչ մի օգուտ չի բերի Հայաստանի ժողովրդին։

Ադրբեջանական լրատվամիջոցները լրագրողների հետ Քուրթուլմուշի զրույցից այլ շեշտադրումներ են առանձնացնում, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի մասով։ APA գործակալության փոխանցմամբ` նա հայտարարել է․ - «Մենք բոլոր ուժերով աջակցել ենք Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ»: Իսկ հետպատերազմյան իրավիճակի մասին ասել է, թե տարածաշրջանի կայունությունը և զարգացումը կապահովվի Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ։

Ըստ այս հաղորդագրության՝ Քուրթուլմուշը Հայաստանի ապավինած դրսի ուժերի թվին է դասել նաև սփյուռքը, ասելով, թե Հայաստանը չպետք է հույսը դնի արտաքին ուժերի, այդ թվում՝ սփյուռքի վրա։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա քննարկումների միջոցով, իսկ զսպվածությունը, ըստ թուրք գործչի, Հայաստանին օգտակար կլինի։

Թուրքիայի իշխող կուսակցության պատվիրակությունը Ադրբեջանում է քառօրյա այցով։ Մինչև հուլիսի 28-ը նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքական պատվիրակությունն այսօր այցել է «Շեհիդների ծառուղի» և թուրք զինվորի հուշարձան։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Կովկասյան իսլամական բանակի շեհիդներին։ 99 տարի առաջ նրանք կռվել են Ադրբեջանի ազատության համար», - հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը։

Քուրթուլմուշի հիշատակած Կովկասյան իսլամական բանակը կամ Իսլամի բանակը Ադրբեջանում ձևավորվել էր 1918 թվականին ըստ Ադրբեջանի առաջին հանրապետության և օսմանյան Թուրքիայի միջև ստորագրված բարեկամության պայմանագրի, որով Թուրքիան պարտավորվել էր ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին անվտանգությունն ապահովելու նպատակով։