Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի պնդմամբ` պաշտոնական Երևանը չի արձագանքում խաղաղ համաձայնագրի կնքման՝ Բաքվից հնչող կոչերին։ Այս մասին ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր է գործադրում, ձեռնարկում է խաղաղ համաձայնագրի կնքման համար [անհրաժեշտ] բոլոր քայլերը։ Հայաստանը, ցավոք սրտի, այս հարցում կառուցողական դիրքորոշում չի դրսևորում», - հայտարարում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովի խոսքով. «Նման վերաբերմունքը հարված է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին։ Իրավիճակը ճիշտ օգտագործելու և միջազգային օրենքները պահպանելու դեպքում հնարավոր կլինի տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատել», - հայտարարում էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։