Ըստ քաղաքագետի, լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա

Լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա, կարծում է, «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, և միևնույն ժամանակ շեշտում՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը, սակայն, նպատակներ ունի և փորձելու է ամեն կերպ՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական ճնշումներով հասնել դրանց։

«Պաշտոնական Բաքուն չգիտես ինչու շտապում է։ Նրանք երևի մտածում են, որ իրավիճակը կարող է փոխվել և փորձում են արագորեն հասնել այն հաջողություններին, որոնք իրենց անհրաժեշտ են։ Նրանք փորձում են պատերազմի ավատից քաղել առավելագույնը։ Այս պահին դա այսպես կոչված Սյունիքի միջանցքն է ու փաստաթուղթը, որով կամրագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - նշեց քաղաքագետը:

«Ադրբեջանական զորքը Հայաստանի հետ սահմանին զբաղեցրած դիրքերից չի հեռանալու, դրանք մեր տարածքներն են», - իր վերջին հարցազրույցում հայտարարել էր Ադրբեջանի ղեկավարը։ Նաև շեշտել էր՝ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ուրեմն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր ստորագրի և լուծի սահմանների դելիմիտացիայի հարցը: Հայկական կողմն էլ հայտարարում է՝ դրա համար Ադրբեջանը նախ պետք է ետ քաշի Հայաստանի տարածքից արդեն մոտ երեք ամիս չհեռացող իր զինվորներին:

Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է՝ որպեսզի Ադրբեջանը հասնի ցանկալիին, կշարունակի լարված պահել սահմանը բոլոր ուղղություններով՝ Սյունիք, Գեղաքունիք, Արարատ։ Ադրբեջանը Հայաստանին ճնշելու համար օգտագործում է նաև երրորդ կողմ Ռուսաստանին։ Իլհամ Ալիևը Պուտինի հրավերով այս շաբաթասկզբին էր մեկնել Մոսկվա։ Հանդիպումն անցել էր բավական ջերմ մթնոլորտում։ Քաղաքագետի խոսքով՝ հիմա Ռուսաստանի և Հայաստանի շահերը համընկնում են այնքանով, որ երկուսն էլ չեն ցանկանում նոր պատերազմ, բայց թե, օրինակ, Սյունիքի Սև լճի որ հատվածում կանգնած կլինեն ադրբեջանցի զինվորները, Ռուսաստանին շատ չի հետաքրքրում։

«Հայաստանը այս փուլում բավարար ռեսուրս ու սուբյեկտայնություն չունի, որպեսզի իր տեսլականը պնդի։ Սկսած ճանապարհներից ավարտած սահմաններով: Այն ինչ Ադրբեջանն է անում ոչ սահմանազատում է, ոչ էլ սահմանագծում։ Դա անգրագիտություն է այդպես անվանելը։ Սահմանազատումն ու սահմանագծումը գործընթաց է, երբ կողմերը նստում են սեղանի շուրջ և ամեն մի մետրի համար բանակցում են։ Երբ զինված ուժերը ներխուժում ու հողակտորներ են զավթում, դա այլ անվանում ունի։ Այդ ճնշումներին Հայաստանը ոչնչով չի կարողանում պատասխանել», - ընդգծեց Իսկանդարյանը։

Հայաստանի առաջին և կարևոր անելիքը քաղաքագետը համարում է սահմանային հսկողության ուժեղացումը։ Ադրբեջանցի զինվորականներին հովիվներն ու գյուղապետերը չպետք է դիմավորեն։ Համեմատականներ է տանում Երասխի կողմից սահմանային վիճակի ու Սյունիք, Գեղարքունիք հատվածների միջև. «Էսկալացիաներ միշտ կլինեն։ Այդպես է եղել 1994 -ից մինչև 2020 թվականները։ Ուղղակի Հորադիզում սահման ունենալը այլ բան է, Կապանում՝ այլ։ Համեմատեք Երասխն ու Սյունիքը։ Այդտեղ տարբերությունը ակնհայտ է։ Երասխը հին սահման է, իր բոլոր ենթակառուցվածքներով դրա համար այնտեղ վարվել այնպես, ինչպես Սյունիքի Սև լճում՝ մտնել ու կիլոմետրերով առաջանալ հնարավոր չեղավ։ Այստեղից մեկ պարզ հետևություն, բոլոր սահմանները պետք է լինեն այդպիսին։ Այո, դա մեկ օրում հնարավոր չէ անել, բայց պատերազմից անցել է արդեն 9 ամիս»։

Հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը ասում է՝ պետք չէ մոռանալ, որ պատերազմը միայն ակտիվ լայնածավալ չի լինում։ 44-օրյա պատերազմով Ադրբեջանը չհասավ իր բոլոր նպատակներին և հիմա դանդաղ՝ սողացող պատերազմով փորձում է լուծել մյուս հարցերը։ Եվ եթե Ադրբեջանի քայլերը հասկանալի են, ապա պարզ չէ, թե ինչ ռազմավարություն է ընտրել Հայաստանը։

«Ես մի բան եմ հասկանում, որ այնքան ժամանակ, քանի դեռ մենք որպես պետություն չենք կարողանա նորից վերահաստատել, որ մենք ինքնապաշտպանվելու կարողություն ունենք, որ մենք ուժային սադրանքներին համարժեք պատասխանների կարողություն, հնարավորություն, կամք ունենք, այդքան ժամանակ մեզ փորձելու են այդ ուժային միջոցներով պարտադրել ինչ-որ լուծումներ», - նշեց Տեր-Աբրահամյանը:

Ալիևի վերջին հարցազրույցին, որն ավելի շուտ Հայաստանին ուղղված սպառնալիքներ էր հիշեցնում, երեկ արձագանքել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով, նշված է արտաքին գերատեսչության հայտարարությունում: