Գազի դեֆիցիտը մի քանի հանգամանքներով է պայմանավորված, նշում են ներկրող ընկերությունների ներկայացուցիչները

«Գազ չկա»՝ գրությունը հեղուկ գազ վաճառող տարբեր գազալցակայաններում տեսանք՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ դրանից դուրս։ Վարորդները, որ արդեն մի քանի օր է դժգոհում էին հեղուկ գազի թանկացումից, հիմա էլ բախվում են նոր խնդրի։

Գազի դեֆիցիտը մի քանի հանգամանքներով է պայմանավորված, ասում են հեղուկ գազի ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները։

«Այս պահին մեծ խնդիր ունենք. եթե Ռուսաստանի Դաշնությունում կա ինչ-որ մեկը, որ կարող է մեկ մեքենայի թեկուզ վաճառել, մենք գնում ենք: Այս պահին մեր բոլոր մեքենաները գործուղել ենք Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կանգնած են մոտավորապես 15 օր է, սպասում ենք տեսնենք՝ ով մեզ գազ կվաճառի, որ գնենք», - ասաց «Գազ-պրոպան» ընկերության ֆինանսական տնօրեն Գուրգեն Մելիքյանը:

«Գազ-պրոպան» ընկերությունը հեղուկ գազը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ վերջին օրերին ոչ միայն գազի գինն է բարձրացել, այլև գազի պակաս կա։ Եթե նախկինում մեկ ընկերությունը 50-60 մեքենա գազ էր վաճառում, ապա այս պահին 3-4 տարբեր գործընկերներ չեն կարողանում նույնիսկ 10-12 մեքենա գազ ապահովել, ասում է ներկրող ընկերության ներկայացուցիչը։

«Այդ խնդիրն այնպես չէ, որ այս պահին է առաջացել, մոտավորապես 2 ամիս այս խնդիրը մենք ունենք, ուղղակի փորձում էինք այնպես անել, որպեսզի հաճախորդները դժգոհ չմնան, բայց այս պահին էլ չենք կարողանում պահել, որովհետև ընկերությունը մեծ վնասներ է կրում», - նշեց Մելիքյանը:

Հեղուկ գազի գնի բարձրացում նաև նախորդ տարիներին է գրանցվել, բացառությամբ 2020թ-ի, երբ համավարակով պայմանավորված հեղուկ գազի գինը իջել էր՝ հասնելով լիտրը 110 դրամի, սակայն այս տարվա թանկացումները աննախադեպ են՝ ասում են ներկրող ընկերությունները։

«Իրաքում էլ գազ կա, մեր Իրանի և Իրաքի գործընկերները հիմնականում միշտ նայում են Ռուսաստանին, եթե այնտեղ գինը բարձրացավ նաև իրենք են բարձրացնում», - ասաց Գուրգեն Միլիքյանը:

Վառելիքի ներկրմամբ զբաղվող CPS խոշոր ընկերությունը, օրինակ, հեղուկ գազը ներկրում է Իրանից ու Իրաքից։ Ընկերության ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ խնդիրներ կան նաև այդ երկրներում։

«Պարսկաստանի բոլոր պետական մարմինները փակ են, չեն աշխատում քովիդի հետ կապված, նույն Իրաքի սահմանին, մեզ հասած տեղեկություններով, առաջացել է մեծ հերթեր, քանի որ սահմանը չի անցնում Իրան-Իրաք սահմանի հատվածում և բնականաբար գազ չի գալիս», - նշեց CPS ընկերության փոխտնօրեն Արամ Հովհաննիսյանը:

Այսօր արդեն Իրանից կարողացել են հեղուկ գազի որոշակի խմբաքանակ ձեռք բերել, բայց էլի բարձր գնով։

Հուլիսի 22-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ։

Թե որքան դեռ կպահպանվեն բարձր գները կամ առաջիկայում հեղուկ գազի շուկայում ինչ փոփոխություններ կլինեն, ներկրող ընկերությունները կանխատեսումներ անել չեն ուզում, շուկան շատ արագ է փոփոխվում, ասում են, իսկ այս պահի դրությամբ Հայաստանում եղած պաշարները մոտ մեկ շաբաթ կբավականացնեն։ Այսօր Հայաստանում հեղուկ գազի 1 լիտրի գինը տատանվում է 240-ից 300 դրամի սահմաններում։

«Եթե գնում ենք ցածր գնով, հետևաբար, վաճառում ենք ցածր գնով: Եթե հիմա բարձր է գինը, ուրեմն գնել ենք բարձր գնով: Այսինքն մենք չենք թելադրում գինը, մենք ինչ-որ չափ ենք ավելացնում մեզ հասանելիք գումարը խղճի չափով», - ասաց գազալցակայանի աշխատակիցը:

Հեղուկ գազ սպառող վարորդները դժգոհելուց ու մտքում ավելացած ծախսերը հաշվելուց բացի, այլ բան անել չեն կարող։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գների վերահսկողություն իրականացնում է միայն այդ դեպքում, երբ ապրանքային շուկայում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ կամ առկա է հակամրցակցային համաձայնություն: Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի այդ ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա՝ ասում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Այս տեսակետի հետ համակարծիք չէ տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Մենք պետք է հասկանանք, որ այս շուկայի նկատմամբ վերահսկողություն ուղղակի չկա, նրանք դա պայմանավորում են՝ 50 հոգի բերում են, բայց 50 հոգին ի՞նչ մասնաբաժին ունեն կամ ի՞նչ այլ մեխանիզմներ են առկա: Ես նշեցի՝ վերջին երեք տարիներին նաև այս խոշոր բենզին, դիզելային վառելիք մատակարարողները մտել են նաև այս շուկա, իրենց գազալցակայններն են վերցրել այս շուկայի վերահսկողությունը իրենց ձեռքը», - նշեց Պարսյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը ամենավառ ապացույցն է այն բանի, որ հեղուկ գազի շուկան մրցակցային չէ, հակառակ դեպքում տնտեսվարողները մատակարարման այլ շուկաներ կգտնեին՝ խնդիրը չփոխանցելով սպառողներին։