Լուկաշենկոյի վարչակազմը ևս 15 ոչ կառավարական կազմակերպությունների հարկադրել է դադարեցնել գործունեությունը

Բելառուսում Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը ևս 15 ոչ կառավարական կազմակերպությունների հարկադրել է դադարեցնել գործունեությունը: Դրանց թվում են իրավապաշտպան, հաշմանդամներին աջակցող և անգամ` կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ:

Որոշումից մեկ օր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հաղթանակը անցած տարվա նախագահական ընտրություններում Արևմուտքը չի ընդունում, հայտարարել էր, թե մտադիր է «մաքրել երկիրը ՀԿ-ներից»՝ վերջիններիս որակելով «բանդիտներ ու օտարերկրյա գործակալներ»:

Մեկ շաբաթ առաջ էլ Բելառուսի Անվտանգության ուժերը խուզարկություններ էին իրականացրել տասնյակ լրագրողների ու իրավապաշտպանների բնակարաններում:

Ընդհանուր առմամբ, երկրում փակման վտանգի առջև է կանգնած ավելի քան հինգ տասնյակ կազմակերպություն, այդ թվում`լրատվական դաշտի ամենամեծ և հեղինակավոր կազմակերպությունը` Բելառուսի լրագրողների ասոցիացիան, ինչպես նաև գրողների ընկերակցությունը, որը առաջնորդում է Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը: