«Մորքուր, մնա, մի գնա»,- բուժքույր Իրա Հովհաննիսյանը վիրավոր զինվորներից ամենաշատը սա էր լսում, բայց ոչ մեկին երկար խնամել չէր կարող. շատ էին։
Իրա Հովհաննիսյանը բուժքույր էր Հադրութի հոսպիտալում: «Տեսածս այն աշխարհում էլ չեմ մոռանա», - ասում է նա:
«Էսի ահավոր է, ոնց որ սպանդ լինի, որ հիշում եմ էս պատերազմը ու համեմատում եմ 90-ականներին, 16 թվականին սենց բան չի եղել, պատմության մեջ սենց բան չկար: Որ չջոկես, տենաս էդ զինվոր ա, թե ինչ-որ մի սև բանի կտոր», - պատմեց Հովհաննիսյանը:
24 ժամ Ջաբրայիլից ու Ֆիզուլիից շտապօգնության մեքենաներ, «Ուազ»-ներ, բեռնատարներ էին մոտենում՝ զոհերի մարմիններով, վիրավորներով:
«Քարացած էինք աշխատում, ոչ մի արտասուք», - ասում է բուժքույր Իրան, - «եթե կուչ գայինք, այդ երեխեքին ո՞վ կօգներ»:
Պատերազմի սև դեմքը Իրա Հովհաննիսյանի հետ է արդեն 30 տարի. 90-ականներին էլ նա բուժքույր էր, սկզբում Հադրութի հոսպիտալում, ապա՝ գործկոմի շենքի առաջին հարկում վիրավորների էին ընդունում, հետո քառօրյա պատերազմն էր՝ բուժքույր Իրան հոսպիտալի մեքենայով Ջաբրայիլ-Հադրութ ճանապարհին էր, անընդհատ վիրավորների էր տեղափոխում:
«Կանչում էին աղջիկները՝ մի գնա, հերիք ա, բայց մեկն էլ չկար ասեր՝ դու արի հանգստացի, ես գնամ, ասեցի՝ գործ չունեք, ես մինչև վերջ էլ գնալու եմ», - ասաց Հովհաննիսյանը:
Այս անգամ, նա ասում է, ամեն ինչ ուրիշ էր և դա հասկացավ հենց սեպտեմբերի 27-ին, երբ դեռ հոսպիտալ՝ աշխատավայր չէր հասել. «Տանկեր, վժժոց, ասացի՝ պատերազմը սկսել ա»:
Հադրութի հոսպիտալում վիրավորներին ընդունում էին, արագ բուժօգնություն ցույց տալիս՝ վիրահատական երեք սեղանները միշտ զբաղված էին, ապա տեղափոխում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Ադրբեջանական հրթիռների թիրախում թե՛ հոսպիտալի շենքն էր, թե՛ վիրավորներին տեղափոխող մեքենան:
«Ինչ էր կատարվում, էդ Աստված կիմանա, թե ինչքան վիրավոր, 60-80, դադար չկար: Ստեփանակերտից գալիս էին մեզ օգնության, կես ճանապարհին ես տանում էի, իրենք վերցնում էին, ես նորից հետ էի գալիս: Պատահել է մի գիշեր երեք անգամ գնացել եմ Ստեփանակերտ, եկել», - պատմեց Իրա Հովհաննիսյանը:
Վիրավորումների գերակշիռ մասը անօդաչուներից էր, հիշում է՝ այն զինվորներին, որ տագնապում էին, թե դարձյալ նույն մահացու անձրևի տակ կհայտնվեն. «Որը որ թեթև էր, ասում էր, մորքուր ջան, ինձ մի նայի, գնա իրան նայի: Էրեխեքը գրկում էին ինձ, լացում էին՝ չենք ուզում հետ գնաք»:
Հադրութի հոսպիտալը հետո տեղափոխվեց Ազոխ, քանի որ քաղաքում արդեն ադրբեջանցիներ կային, հետո ադրբեջանցիները նաև Ազոխ հասան ու հոսպիտալը ցրվեց: «Մինչև այդ բոլոր վիրավորներին հասցրինք տեղափոխել Ստեփանակերտ», - ասում է բուժքույր Իրան: «Հոկտեմբերի 15-ին արդեն ամուսնու հետ Արցախից դուրս եկան:
«Երբ քրոջս տուն մտա, դիակի տեսք ունեի, 43 կիլոգրամ, միայն շնչում էի», - հիշում է Իրա Հովհաննիսյանը։
Հադրութի Այգեստան գյուղում են թողել ամեն ինչ, մեծ տնտեսություն ու երկու երկհարկանի տուն, այժմ 4-րդ գյուղում երկու սենյակ են վարձակալում. «Էնքան որ տանիք ունենք»:
Պատերազմի օրերին նրա երկու որդիներն էլ առաջնագծում էին, մեկը՝ Խծաբերդում, հայ պահեստազորայինների գերեվարումից երկու օր առաջ էր հերթափոխը հանձնել, մյուսը՝ Շուշիում: Ամուսինը՝ Ալեքսանդր Հովհաննիսյանն ասում է՝ ի՞նչ դժգոհենք, թե ունեցվածք ենք կորցրել, կարևորը՝ մեր ընտանիքը ամբողջական մնաց:
«Ջհանդամը, ինչ թողել ենք, զատո սաղ ենք: Մարդ կա երեխա ա կորցրել, ամուսին ա կորցրել, բա նրանք ի՞նչ ասեն», - նշեց Ալեքսանդր Հովհաննիսյանը:
Բակում 10 քառակուսի հողամաս կա, բանջարեղեն են ցանել, զբաղվում են, մինչև.... Հադրութից ոչինչ չեն բերել, երեք պատերազմներով անցած բուժքույրը այս մի պատերազմից դուրս է եկել հենց բժշկական խալաթով, սպիտակեցրել ու պահել է՝ միակ հիշատակը:
Բուժքույր Իրան երբեմն 4-րդ գյուղից քաղաք է գնում, ասում է, տղաներ են մոտենում, գրկում -հարցնում. «Մորքուր չե՞ս հիշում մեզ»: Իսկ ինքը չի հիշում, որովհետև շատ էին: