Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով երեք զիծառայողների հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա. Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մինչդեռ երեկ ՊՆ-ն հաղորդել էր, թե զինվորականները թեթև վիրավորում են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: