«Բոլորս մնացինք մեր դիրքերում, մենք՝ մեր, նախարարությունը՝ իրենց», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։
Շաբաթներ շարունակ բարձրաձայնում են, որ դեմ են նախարարության նախաձեռնությանը՝ կամերային երաժշտական թատրոնի միավորմանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ:
Սամսոն Ստեփանյանը փոխանցեց, որ հանդիպմանը խոսել են թատրոնների միավորման անթույլատրելիության մասին, ներկայացրել են իրենց պահանջները. - «Որ մեզ չմիավորեն Պարոնյանի անվան թատրոնի հետ։ Երկրորդը, որ քաղաքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որը կարող է համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին։ Երրորդը, որ ցանկալի չի և պետք էլ չի ոլորտների խնդիրները խառնել իրար, երաժշտական ոլորտը ունի ի'ր խնդիրներ, թատերական ոլորտը ունի ի'ր խնդիրները, և մեկի հաշվին մյուսի խնդիրը լուծելը կոռեկտ չի, ըստ իս։ Եվ չորրորդը, կան բազմաթիվ շինություններ, որոնք կարող են ծառայել, և մեր թատրոնը, լինելով սիմֆոնիկ նվագախմբի տրամադրության տակ, կարիք կունենա կառուցվածքային փոփոխության։ Փակել մի թատրոն ու սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել փորձատեղի... իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում»։
Նախարարությունը ցանկանում է թատրոնի տարածքը տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ սա բխում է ոլորտի շահերից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը անդրադառնալով նախարարության մտադրությանը Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը իրենց տնօրինությանը հանձնելուն՝ ասել էր, որ նվագախումբը տասնհինգ տարի չունի փորձատեղ և որ շատ ուրախ է, որ այս ուղղությամբ ինչ-որ մի քայլ է արվում։
«Ոչնչացնում ենք մի ամբողջ թատրոնի միավոր՝ ապահովելու համար սիմֆոնիկ նվագախմբի փորձատեղի։ Ճշմարտությունը սա է ինձ համար», - ասաց Սամսոն Ստեփանյանը։
Կամերային երաժշտական թատրոնի ռեժիսորի կարծիքով, միավորումը մեծ վնաս կպատճառի նաև հենց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին. - «Պարոնյանի թատրոնը դրված է կրկնակի ծանրաբեռնվածության առաջ։ Պետությունը ստիպում է, որ միավորվի։ Իրենք չեն կարող ասել՝ ոչ, պետական թատրոն է ի վերջո։ Նոր խումբ եկավ, խառնվեց ամբողջ ծրագրերը Պարոնյան թատրոնի, ներկայացումները խախտվեցին, Պարոնյանի թատրոնի ղեկավարությունը մտածում է, լավ, ի՞նչ անի էս մարդկանց հետ։ Քսանհինգ հոգի եկել են, որտե՞ղ տեղավորեմ, երբ իմ դերասանների միգուցե կեսը զբաղված չի, սպասում է դերի։ Ի՞նչ պիտի անի։ Բնականաբար... ես գալիս եմ եզրակացության, որ տեղի են ունենում կրճատումներ»։
Նախարարության շենքի առջև հավաքված դերասանները ևս նշում էին՝ սա անարդյունավետ նախագիծ է. - «Անհեթեթություն է այդ ծրագիրը։ Ինչ է նշանակում երկու թատերական միավորների անհարմարության մեջ դնել, ինչ ա թե լուծում են երրորդ ինչ-որ խմբի, էս դեպքում սիմֆոնիկ նվագախմբի հարցը։ Տրամադրում են մեր հաշվին շենք... սա ինչքանո՞վ է արդար»։
«Սա սխալ և ոչ արդյունավետ ծրագիր է և չի աշխատելու։ Դա ոչ մի բարելավում չի բերելու իր հետևից։ Մենք գնալով հասկանում ենք, որ էստեղ հարցը դերասանական որակի, ներկայացումների որակի մասին չէ, էստեղ ուղղակի շենքի խնդիրն է, որը ամեն գնով փորձում են վերցնել»։