Փաշինյանը և Պուտինը քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահական նստավայրը հաղորդում է՝ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ», - հայտարարել է Փաշինյանի աշխատակազմը՝ հավելելով, թե անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:

Կրեմլի հաղորդագրության մեջ գերիների մասով որևէ բառ չի ասվում, նշվում է միայն, թե քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, շոշափվել է նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեման։

«Որոշվել է շարունակել շփումները տարբեր մակարդակներով», - եզրափակել է Ռուսաստանի նախագահական նստավայրը։

Հայաստանի վարչապետի գրասենյակը, մինչդեռ այլ մանրամասներ է հաղորդում, որոնք ռուսական կողմի հաղորդագրության մեջ չկան։ Նշվում է, թե «կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը», բացի այդ, ըստ հայկական կողմի, Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերակատարումը տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանության հարցում։

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի՝ այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո։ Ընդունելով Իլհամ Ալիևին՝ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն էր հայտնել ղարաբաղյան խնդրի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու համար, այլ մանրամասներ, սակայն, չէր հայտնել։