Շարունակվում է «Գիրքը՝ Արցախին սպեղանի» գրքահավաքը

Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյան

«Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրի ներքո Հայկական գրադարանային ասոցիացին Խնկո Ապոր անվան գրադարանում այս տարվա մայիսից նախաձեռնել է գրքահավաք՝ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով համալրելու արցախյան գրադարանների ֆոնդերի կորուստը:

Այս նախաձեռնությանը աջակցում են նաև ԿԳՄՍ նախարարությունը և Հրատարակիչների ազգային ասոցիացին: Բացի դրանից, ինչպես նշում է նախաձեռնության հեղինակ, Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Արցախի համար իրականացվող այս գրքահավաքին միացել են հայաստանյան շատ գրադարաններ, թանգարաններ, հրատարակիչներ, անհատներ. - «Այս պահին շուրջ չորս հազար միավոր գրականություն ունենք հավաքված, որ շուտով կուղարկենք Արցախ։ Երկու օր առաջ Արցախի նախարարն էր ներկա պաշտոնական նվիրատվությանը գրադարանում։ Կարծում եմ, որ պիտի շարունակական լինի։ Այս պահին Արցախը մեծ կորուստներ ունի գրքային հավաքածուների, շուրջ հարյուր հիսուն հազար միավոր գրականություն դուրս է մնացել Արցախի վերահսկողության տարածքներից, նաև հարյուր քսանյոթ գրադարան վերահսկողությունից դուրս է մնացել, և վտանգված է Արցախի բնակչության ընթերցելու իրավունքը»։

Ռուզան Տոնոյանը վստահ է, որ միայն միահամուռ ջանքերով կկարողանան փոքր-ինչ շտկել իրավիճակը արցախյան գրադարաններում:

Հատկանշական է, որ Արցախի գրադարանների համար արդեն հավաքված այս 4000 կտոր գրականության մեջ զգալի տեղ ունեն նոր հրատարակված գրքերը. - «Անհատ նվիրատուները իրենց անձնական գրադարաններից են նվիրաբերում, իսկ հրատարակիչները, գրադարանները, թանգարանները նվիրաբերել են բացառապես նոր գրականություն։ Գեղարվեստական, մասնագիտական, մանկական, տարբեր բնույթի գրականություն է նվիրաբերվել։ Առաջիկայում նաև Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իր ֆոնդերից գրականություն կհատկացնի։ Նաև դիմելու ենք քաղաքապետարանին, իրենք էլ ունեն ֆոնդեր գրականություն ձեռք բերելու։ Կարծում եմ, նաև քաղաքապետարանը կմասնակցի»։

Տոնոյանն ասաց, որ հավաքված գրականությունն ուղարկվելու է Ստեփանակերտ. - «Եվ այնտեղի նախարարությունը, կարծում եմ, բաշխումը իրենք կանեն»։

Նա վստահություն հայտնեց, որ գործընթացը շարունակական կլինի. - «Վստահ եմ, որովհետև այս պահին էլ բազմաթիվ զանգեր ենք ստանում։ Այնպես որ, մինչև տարեվերջ, կարծում եմ, նորից որոշակի խմբաքանակ կուղարկենք»։

Ռուզան Տոնոյանը փոխանցեց, որ Գրադարանային ասոցիացիան պատրաստում է նաև այլ նախաձեռնություններ. - «Անցյալ օրը խոսեցինք նախարարի հետ, նաև մեր փոխնախարարն էր ներկա։ Հաջորդ տարի մենք մտածում ենք Արցախի գրադարանավարների վերապատրաստման ծրագիր իրականացնել։ Ասոցիացիայի ջանքերով կվերապատրաստվեն Արցախի գրադարանավարներ։ Նաև Արցախի գրքային հավաքածուների ավտոմատացման հարցերով զրուցեցինք, որ իրենք կարող են միանալ հայաստանյան ավտոմատացման ցանցին։ Կունենանք էլեկտրոնային շտեմարան Արցախի գրադարանների հավաքածուների ու նաև պարզ կլինի, թե այս պահին ինչ գրականություն ունեն Արցախի գրադարանները և ինչի կարիք կա»։