Ռուսաստանը հինգերորդ սերնդի նոր կործանիչ է ներկայացրել

Ռուսաստան - Checkmate օդանավը MAKS-2021 ցուցահանդեսի բացման ժամանակ, Ժուկովսկի, 20-ը հուլիսի, 2021թ.

Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում ընթացող MAKS-2021 միջազգային ավիացիոն ցուցահանդեսին Ռուսաստանը ներկայացրել է «Սուխոյ» կոնստրուկտորական բյուրոյի կողմից ստեղծված հինգերորդ սերնդի նոր կործանիչը։

Անգլերեն Checkmate (թարգմանաբար՝ «Շախ և մատ») նախնական անվանումը ստացած ռազմական օդանավը պատկանում է թեթև մարտավարական կործանիչների դասին։ Ռուսաստանցի մասնագետների խոսքով՝ այն կարող է համարվել ամերիկյան F-35 ռազմական օդանավի հիմնական մրցակիցը սպառազինությունների միջազգային շուկայում։

Ըստ ռուսական աղբյուրների՝ օդանավի գինը տատանվելու է 25-30 միլիոն դոլարի միջակայքում։ Մոսկվայում ակնկալում են, որ Checkmate-ի համեմատաբար ցածր գնի և շահագործման ցածր ծախսերի շնորհիվ այն մեծ պահանջարկ կվայելի հատկապես երրորդ աշխարհի պետություններում՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Ակնկալվում է, որ առայժմ մշակման փուլում գտնվող այս օդանավը առաջին թռիչքը կիրականացնի 2023 թվականին, իսկ դրա սերիական արտադրությունը կմեկնարկի 2026-ին։