Արմեն Գրիգորյան. ՀՀ-ն և հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ

Արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Հանդիպման առանցքային թեման, ըստ ԱԳՆ-ի, Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ գործողություններին զուգահեռ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Հայաստանի դեմ տարածքային և պատմական կեղծ պահանջներով, որոնք հստակորեն մատնանշում են Ադրբեջանի զավթողական նկրտումները Հայաստանի տարածքի հանդեպ։

«Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ։ Այսօր ՀՀ Զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները։ Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով», - ասել է Գրիգորյանը` հավելելով, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։

«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում», - նշել է Արմեն Գրիգորյանը։