Քաղաքացիները դժգոհում են՝ տաքսիների ուղեվարձը նկատելիորեն թանկացել է

Երևանյան տաքսիների ուղեվարձը նկատելիորեն թանկացել է, ուղևորներն էլ սովորականից ավելի երկար են սպասում իրենց պատվիրած մեքենային։

«Ազատության» հետ զրույցում անցորդները նշում էին, որ երբեմն կրկնակի են վճարում շատ կարճ ճանապարհի համար։ Հանդիպեցինք նաև սփյուռքահայերի, որոնք նշեցին՝ Հայաստանում տաքսի ծառայությունների գները շատ մատչելի են համեմատած այլ երկրների հետ։

«Ճիշտն ասած դժգոհ եմ հենց գնից, օրինակ, Yandex-ը 300 կամ 400 դրամի փոխարեն 700, 800 է այս պահին նվազագույնը», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը:

«Եվրոպայում շատ ավելի թանկ է, շուտվանից Լիբանանում ավելի թանկ էր ստեղի հետ համեմատած», - նշեց մեկ այլ անցորդ:

Երևանի բանուկ հատվածներում, որտեղ սովորաբար կայանում են տաքսու վարորդները, օրվա երկրորդ կեսին ազատ մեքենա հնարավոր չէր գտնել։ Կենտրոնում առավելագույնը 10 րոպեի ճանապարհը 20 րոպեում անցնող, նվազագույն գումարը կրկնապատկող տաքսի ծառայություններն, ըստ անցորդների, քիչ չեն, ըստ նրանց՝ այդպես են սկսել աշխատել ոչ միայն անհատ վարորդները, այլև օնլայն տաքսի ծառայությունները։ Անցորդները հիմնականում Yandex-ի անունն էին նշում, որը ամենաշատը օգտագործվող ծառայություններից մեկն է։

Ընկերության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանին այսօր հարմար չէր մեզ հետ զրուցելը, ասաց՝ երեք օր հետո կապ հաստատենք։ Ավելի վաղ սակայն, լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ շատ վարորդներ նախընտրում են շոգ եղանակին ղեկին չնստել, իսկ դա շուկայում առաջարկի դեֆիցիտ է առաջացնում։ Ըստ նրա՝ գները կնվազեն, եթե այդ դեֆիցիտի հարցը կարողանան լուծել։

Тaxi Ani-ն հեռախոսային պատվերներից զատ նաև հավելվածային ծառայություններ է մատուցում։ Տնօրեն Արթուր Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում, որպես առաջացած խնդրի պատճառ կիկին նշեց շոգ եղանակը և ոչ միայն, իսկ սակագների փոփոխություն իրենց ընկերությունում ասաց՝ չկա։ Ընկերության տնօրենը նաև ասաց, որ իրենց մեքենաների 30 տոկոսն է այս պահին աշխատում, ընդգծեց՝ նոր մեքենաներ ունեն, բայց վարորդներ չունեն։ Այս ընկերության ցանցի 20 տոկոսը սպասարկում են այն վարորդները, որոնք իրենց սեփական մեքենաներով են աշխատում։ Գործադիր տնօրենի խոսքով՝ հատկապես ամռանը նրանք իրենց մասնավոր աշխատանքներով են զբաղված, օրինակ՝ զբոսաշրջիկների անհատական պատվերների ընդունում, սեզոնային դաշտային աշխատանք կատարում կամ արտագնա աշխատանքի մեկնում:

«Կապ չունի եղանակը կամ ժամը, մեր մոտ սակագների փոփոխություն չկա, իսկ սակավության հետ կապված, քանի որ շոգ է, օդափոխիչ միացնելու համար վառելիքի ծախսը շատ է լինում, պատճառներից մեկն էլ դա է, ամռանը դաշտի աշխատանքներ են լինում տենց աշխատանքներ են կատարում, մասնավոր աշխատանք կամ տուրիստների հետ են պայմանավորվում, տենց շրջում են էլի Հայաստանով», - ասաց Սարգսյանը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն, ըստ այս կառույցի մամուլի քարտուղար Անի Սմբատյանի՝ այս հարցում անելիք չունի։ Նա Ասում է՝ գների վերահսկողություն կիրականացնեն այն դեպքում, երբ շուկայում կլինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, կամ կարձանագրվի հակամրցակցային համաձայնություն:

«Տաքսի ծառայությունների շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Ոլորտում գործունեություն են ծավալում մեծաքանակ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք չենք կարող որոշիչ ազդեցություն ունենալ տաքսի ծառայությունների շրջանառության ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա: Ինչ վերաբերում է հակամրցակցային համաձայնություններին, ապա դրանք բնորոշ չեն ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին», - փոխանցեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակը:

«Հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահում ոլորտում տեղի ունեցող գործընթացները և տնտեսական միցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով կիրականացվի անհրաժեշտ գործողություններ», - ասաց Անի Սմբատյանը:

Հայաստանում գործող շուրջ մեկ տասնյակ օնլայն տաքսի ծառայություններից շատերի ղեկավարները ևս մի քանի խնդիրներ են առանձնացնում՝ աճում են մեքենաների տեխնիկական սպասարկման, վառելիքի գները, սակայն ուղեվարձը չի փոխվում։ Չնայած տաքսի ծառայությունների տնօրենների այս դիտարկումներին, որ այսպիսի խնդիրները հիմնականում ամռան ամիսներին են ծագում, ուղևորները շարունակում են դժգոհել՝ ուրեմն այս տարի ամառը մի քանի ամիս շուտ է եկել, որովհետև քովիդից հետո են իրենք արձանագրել տաքսիների բարձր գներն ու պատվերների ուշ ընդունումը։ «Օրվա ժամերն էլ կապ չունեն»,-ըստ անցորդների, իրավիճակը նույնն է: