Wizz Air-ն արդեն վերադարձել է Հայաստան, Ryanair-ը կարճաժամկետում՝ ոչ, երկարաժամկետում՝ այո, այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Իրենք հիմա վատ վիճակում են գտնվում քովիդի պատճառով, սկզբից պետք է վերականգնեն իրենց հիմնական շուկան Եվրոպայում, նոր արդեն երկրորդական շուկաներին անդրադառնան՝ Վրաստան, Հայաստան», - հավելեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Հարցին, թե կա՞ն ժամկետներ, երկարաժամկետ ասվածը ե՞րբ է նախատեսվում, Ռևազյանը պատասխանեց. «Այս պայմաններում, այս մարտահրավերների պայմաններում որևէ մեկը ժամկետ չի կարող ասել որևէ թեմայի շուրջ»:
«Ստեղծում ենք հայկական ազգային ավիափոխադրող՝ համատեղ «Էյր Արաբիա»-ի հետ»
Օգտատերերից մեկի հարցին էլ, թե վերջերս հայտնի դարձավ, որ հայկական ազգային ավիափոխադրող է ստեղծվելու, այդ ավիափոխադրողը կկարողանա՞ թռիչքներ կատարել դեպի Եվրոպա՝ հաշվի առնելով, որ հայկական ավիափոխադրողներին արգելել են թռչել դեպի Եվրոպա, Տաթևիկ Ռևազյանն արձագանքեց. «Հաշվի առնելով, որ շատ փորձառու թիմ է այս ընկերությունը հիմնում համատեղ ANIF-ի [Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ] հետ, անուղղակիորեն պետության հետ, մենք դիմելու ենք Եվրոպա խնդրանքով, որ բացառություն անեն, որովհետև սա համարվում է աշխարհի ամենաանվտանգ ընկերություններից մեկը, և մենք գիտենք, որ բացառություններ արվում են, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, օրինակ՝ մի քանի օդանավեր թողնել գրանցման մեջ Շարժայում, բայց շահագործել Երևանում: Լուծումներ կան, բայց դեռ այդ սև ցուցակը կա, և մենք այդ ուղղությամբ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում լուծելու»:
Օգտատերերի դիտարկումներին, թե ինչո՞ւ են գովազդում «Էյր Արաբիա»-ին, արդյոք չկա՞ն այլ ընկերություններ, որոնք կարող են ներկայացնել, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը պատասխանեց. «Համաձայն չեմ, որ մենք գովազդում ենք «Էյր Արաբիա»-ին, մենք չենք գովազդում, մենք ստեղծում ենք հայկական ազգային ավիափոխադրող՝ համատեղ «Էյր Արաբիա»-ի հետ»:
Ռևազյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ որտեղից են տեղեկությունները, թե արաբական ընկերությունը մուտք է գործել հայկական շուկա 50+ փայաբաժնով. - «Կարող եմ ասել հետևյալը՝ իրենք դեռ չեն դիմել շահագործողի վկայական ստանալու համար, դա պիտի մեզ դիմեն՝ Քաղավիացիայի կոմիտե: Քաղավիացիայի կոմիտեն միայն կարա ավիաընկերությանը գրանցի Հայաստանում, եթե մեծամասնությունը, [վերահսկիչ փաթեթը] հայերի ձեռքում է»:
«Պայմանագրի հետ կապված մենք որևէ գործ չունենք [...], բայց ես կարամ հստակ ասեմ, որ հնարավոր չի Հայաստանում գրանցել ավիաընկերություն, եթե մեծամասնությունը հայկական ձեռքում չի», - շեշտեց Տաթևիկ Ռևազյանը:
«Ես նույնիսկ Հայաստանում չէի ապրում, երբ սնանկ ճանաչվեց «Արմավիա»-ն»
Օգտատերերից մեկի հարցին՝ «վերջապես ե՞րբ եք պատասխանատվություն կրելու հայկական ավիացիան վերջնականապես վերացնելու, Հայաստանն օտարներից օդային կախման մեջ դնելու համար», Ռևազյանն արձագանքեց. - «Ես չգիտեմ՝ էդ ո՞նց է դարձել, որ ես եմ վերացրել հայկական ավիացիան: Ես ղեկավարել եմ Քաղավիացիայի կոմիտեն երեք տարի, «Արմավիա»-ն սնանկ ճանաչվեց, ինձ թվում է, մի տասը տարի երևի արդեն անցել է: Դրա համար, ես չեմ հասկանում՝ ոնց է դա կապվում իմ անունի հետ: Ես նույնիսկ Հայաստանում չէի ապրում, երբ որ սնանկ ճանաչվեց «Արմավիա»-ն, նույնիսկ երբևէ չեմ թռել «Արմավիա»-ով»:
«Եվ հետո շատերը քննադատել են ինձ՝ ասելով, որ «Դուք չեք ուզում ազգային փոխադրող»: Դա էլ շատ սխալ է մեկնաբանվել, ես ասել եմ՝ ինքնապատակ չի՝ ստեղծել ազգային փոխադրող, կարևոր է ունենալ տեղական ուժեղ փոխադրողներ, և ինքնանպատակ չէ այն առումով, որ ես չէի ուզում, որ պետությունը մեծ գումարներ դներ մի պրոյեկտի մեջ, որը հետո չի հաջողվի և մեծ վնաս կբերի Հայաստանին: Որովհետև դա շատ բարդ ոլորտ է, և բազմաթիվ օրինակներ կան ամբողջ աշխարհում, որտեղ սնանկ են ճանաչվում ընկերությունները», - ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ հավելելով. - «Այսինքն՝ ես նպաստել եմ նրան, որ ամենալավ տարբերակը բերեմ Հայաստանին, [...] ու պարզվեց, որ էլի նախաձեռնությամբ Քաղավիացիայի կոմիտեի և իմ անձամբ՝ մենք ենք այդ խնդիրը այսօրվա դրությամբ լուծել»:
Անդրադառնալով կերոսինի բարձր գնի վերաբերյալ հարցին, Տաթևիկ Ռևազյանը նշեց՝ խնդիրը բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է, և հուսով է, որ լուծում կտրվի. «Քաղավիացիայի կոմիտեն կամ կառավարությունը չեն որոշում կերոսինի գինը: Ես միայն կարամ ասեմ՝ համաձայն եմ, բարձրաձայնվել է խնդիրը, հուսով եմ, որ լուծում կտրվի»:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.