Կրակոցներ՝ Ամիրյան փողոցում, մեկ անձ ոտքից վիրավորվել է, հարուցվել է քրգործ

Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է Քրեկան գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի [Խուլիգանություն] 4-րդ մասով և 235-րդ հոդվածի [Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը]1-ին մասով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Կոմիտեն մանրամասնում է՝ հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, ժամը 19:30-ի սահմաններում մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 3 հատ պարկուճ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ, կատարվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունների զննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, ասված է կոմտեի հաղորդագրությունում: