Եթե Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը պատասխան է Բաքվից հնչող հայտարարություններին, ապա, ըստ արդարադատության նախկին նախարար, խորհրդարան անցած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի, դա հերթական կոպտագույն քաղաքական սխալն է միջազգային ասպարեզում։
Հիշեցնենք՝ Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին»։
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Հարությունյանն ընդգծեց՝ եթե դա զուտ հռետորաբանություն է, իսկ հռետորաբանությունը փաստացի հիմք չունի իր տակ, ապա անթույլատրելի է այդ աստիձան բարձր հանդիպմանը նման բաների մասին խոսելը։ Հարությունյանի համոզմամբ, դա հերթական ճակատագրական սխալը կլինի։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին՝ Դավիթ Հարությունյանն այն ոչ լեգիտիմ հաղթանակ որակեց։
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Դավիթ Հարությունյան․ - Եկեք մի պահ մի կողմ դնենք Սահմանադրական դատարանը, խնդիրը վերաբերում է նրան, որ մեր երկրում այս պահին, Սահմանադրական դատարանի որոշումից հետո իրականում շատ մեծ անորոշություն է, վիթխարի ռիսկեր են, և եկեք խոսենք այդ մասին, և իմ եզրափակիչ ելույթի զգալի հատվածը նվիրված էր հենց դրան․ մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և եթե, ի դեպ, երկու-երեք օր առաջ կառավարության ղեկավարը կառավարության նիստում խոսում է, որ նա ստացել է ընտրողների մեծամասնության մանդատը, որպես խաղաղության պրոցես Հայաստանի և Արցախի համար և երկու-երեք օր անց հայտարարում է, որ պատրաստվում են ռազմական գործողություններ Հայաստանի և Արցախի դեմ, Դուք այստեղ դիսոնանս չեք տեսնո՞ւմ։ Եթե դու երկու-երեք օրից հայտարարելու ես և պարզվում է դու գիտեիր դրա մասին, որ պատրաստվում են ռազմական գործողություններ, իսկ դու հայտարարում ես, որ մանդատ ես ստացել խաղաղության համար, դա նշանակում է, որ դու հայտարարում ես հերթական կապիտուլյացիայի մասին, համաձայն չե՞ք դրա հետ։
«Ազատություն»․ - Ո՛չ, ես կարծում եմ, որ քաղաքական, տվյալ պահի տակ արված հայտարարություն է դա։
Դավիթ Հարությունյան․ - Ո՞րը՝ երկրորդը՞, թե՞՝ առաջինը։
«Ազատություն»․ - Ես նկատի ունեմ այս վերջին հայտարարությունը Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։
Դավիթ Հարությունյան․ - Այսինքն՝ Եվրախորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանա՞կ, Դուք դա դիտում եք որպես հռետորաբանությո՞ւն։
«Ազատություն»․- Ես կարծում եմ, որ դա պատասխան էր Ալիևի այդ հայտարարություններին, որ «մենք պիտի վերադառնանք մեր պապերի հողերը, Երևան», մի խոսքով, Զանգեզուր։ Արտառոց հայտարարություններ են հնչում Բաքվից, պարոն Հարությունյան, Դուք սրա մասին ասեք։
Դավիթ Հարությունյան․ - Չէ, ինչ ես ասել եմ մինչև հիմա, վերաբերում է իրականում դրան։
«Ազատություն»․ - Ես չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա, ես զարմանում եմ, որ այսպիսի հայտարարություններ են այսօր հնչում Ադրբեջանից։ Ի՞նչ է պատրաստվում «Հանրապետական» կուսակցությունն անել այս ամենի համար։
Դավիթ Հարությունյան․ - Շատ հետաքրքիր հարց տվեցիք, բայց եկեք, այնուամենայնիվ ճշտեմ՝ ուրեմն Դուք Փաշինյանի խոսքը գնահատում եք զուտ հռետորաբանությո՞ւն, գիտեք, հռետորաբանությունը լինում է քաղաքական և այդ հռետորաբանությունը մենք, ցավոք սրտի, չենք լսել վերջին ժամանակահատվածում։ Երբ Ալիևը նման հայտարարություններ է անում մեզ հասցեագրված, ես գրեթե չեմ տեսել, որ մենք արձագանքենք, որովհետև քաղաքական հռետորաբանության մասին է խոսքը։
«Ազատություն»․ - Բայց հիմա ուրիշ կոնտեքստ է բոլորովին։
Դավիթ Հարությունյան․ - Բայց եթե Դուք դիտում եք, որ ասել՝ «պատրաստվում են ռազմական գործողություններ Հայաստանի դեմ» որպես հռետորաբանություն, դա կլինի հերթական ճակատագրական սխալը, որովհետև չի կարող երկրի վարչապետը, որպես հռետորաբանություն, խոսել այն մասին, որ իր երկրի վրա հարձակվելու են։
«Ազատություն»․ - Ես կարծում եմ, որ պատասխան հայտարարություն էր, այդպես կարելի է գնահատել։
Դավիթ Հարությունյան․ - Ո՛չ, եթե դա պատասխան հայտարարություն էր, ապա, ներողություն եմ խնդրում, դա հերթական կոպտագույն քաղաքական սխալն է միջազգային ասպարեզում։ Դու չես կարող այդ աստիճան բարձր հանդիպման ժամանակ հայտարարես մի բան․․․ այսինքն՝ Ձեր ասածը՝ հռետորաբանություն է, փաստացի հիմք չունի իր տակ, եթե փաստացի հիմք չունի, դա անթույլատրելի է նման բաների մասին խոսելը։
«Ազատություն»․ - Ի դեպ, խոսելով այս ընտրությունների մասին, ձեր հենց ղակավարը՝ երրորդ նախագահն, անձամբ ինքըBBC-ի հետ հարցազրույցում ընդունեց, որ վարչապետի պաշտոնակատարը հաղթել է ընտրություններում, ըստ էության, այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ, և հիմա Ձեր ներկայացրածը, այն, ինչ Սահմանադրականա դատարանում ներկայացրեցիք, այդ 9-ը թեզերը, ողջ նպատակն այն էր, որպեսզի Դուք ապացուցեք, որ այդ հաղթանակը լեգիտիմ չէր, Դուք այդտեղ հակասություն չեք տեսնո՞ւմ։
Դավիթ Հարությունյան․ - Ամենևին, այո՛, դա հաղթանակ էր, բայց ոչ լեգիտիմ հաղթանակ։ Նորից բերեմ բռնցքամարտի օրինակը՝ եթե Դուք իմ ձեռքը կապեք և ինձ հաղթեք, Դուք կհաղթեք ինձ, բայց Ձեր հաղթանակը լեգիտիմ չէ, այնպես որ այստեղ որևէ հակասություն պետք չէ փնտրել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև