Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` Արմեն Սարգսյանն ու Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Երկուստեք կարևորվել է բոլոր գերիների վերադարձի ապահովման խնդիրը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նրանք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերը՝ հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է Եվրոպական միության դերը երկրի հզորացմանն աջակցելու հարցում և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի իրականացումը։