Լոռեցի Ադամն ապացուցել է` գյուղատնտեսությունը կարող է եկամտաբեր բիզնես դառնալ, բայց խոչընդոտները շատ են

Ալավերդու Ակներ գյուղական բնակավայրում երեք տարի առաջ մեծ ծավալներով հողագործություն սկսած 29-ամյա Ադամ Սիմոնյանը կարճ ժամանակում համագյուղացիներին ապացուցել է, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր բիզնես կարող է դառնալ, եթե ճիշտ մշակաբույսեր ընտրես, լավ ուսումնասիրես մշակության ձևերն ու ճիշտ կազմակերպես իրացումը։ Այս դեպքում հնարավոր է յուրաքանչյուր հեկտարից տարեկան առնվազն 2 միլիոն դրամ եկամուտ ստանալ, ասում է երիտասարդ գյուղատնտեսը։

«Էս բերքը շատ լավն է», - ասում է նա:

Իրենց գյուղի 55 հա վարելահողերից որևէ կտոր չէր մշակվում։ Բոլորն ասում էին՝ իմաստ չունի զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ակների վարչական ղեկավար Գառնիկ Ծատինյանը թվարկում է պատճառները. «Սրանից մի 15 տարի առաջ ցորեն էինք մշակում, տրակտորներ չունեինք վարելու, կոմբայն չկար հավաքելու, դրա համար ժողովուրդը հիասթափվեց»:

Ադամը, որ 2015-ին համալսարանի կարմիր դիպլոմը ձեռքին անհույս հեռացել էր Հայաստանից այլևս ետ չգալու պայմանով, երեք տարի առաջ վերադարձել է ու կպել գործին։ Իր 4 ընկերների հետ գյուղատնտեսական կոոպերատիվ են հիմնել, երեք տարում 4 հա հողատարածք մշակել։ Այգի են հիմնել, ոչ ավանդական մշակաբույսերի ցանքս կազմակերպել, կաթիլային եղանակով ոռոգման համակարգ տեղադրել։ Առանց թունաքիմիկատների օրգանական սնունդ են արտադրում ու ամեն տարի եղածը կրկնապատկում։ Հիմա Ակների հեկտարներով անմշակ տարածքներում Ադամի ու իր ընկերների կանաչ դաշտերն ասես օազիս լինեն։

«Չերի պոմիդորն է, լոբու նոր տեսակ, բրոկոլու նոր տեսակ, ելակի նոր տեսակ է», - ցույց տալով` ներկայացնում է նա:

Բայց միևնույն ժամանակ Ադամ Սիմոնյանն ասում է, որ վերևներում գյուղատնտեսությանը դեռ մատների արանքով են նայում։ Ոլորտի զարգացման տեմպերը չափազանց դանդաղ են. «Դեկորատիվ խնդիրներով են զբաղված, կարևորը թողնում են մի կողմ ու ամեն տարի ցուցադրական մի բան ցույց են տալիս, որ տեսեք, գյուղատնտեսությունը զարգանում է, բայց այս տեմպերով կյանքում չի զարգանա: Աշխարհը հարյուրի տակ է գնում, մենք տասի տակ էլ չենք կարում հասնենք»:

Օրինակներ է բերում։ Հայաստանը հեռավոր Կանադայից տարեկան 2500 տոննա ոլոռ է ներկրում։ Այնքան, որքան հնարավոր է ստանալ Ալավերդու հարակից երեկ գյուղական բնակավայրերի՝ Հաղպատի, Սանահինի ու Ակների չմշակվող վարելահողերում։ Արդեն երեք տարի իրենք փոքր հողակտորի վրա փորձնական ցանում են ու զգալի բերք ստանում, ասում է երիտասարդ հողագործը. «Մի հեկտարից 5-7 տոննա բերք ես կարողանում ստանալ, ու բացի այդ, մեր այս տարածաշրջանի առավելություններից մեկն էլ այն է, որ մենք կարողանում ենք երկու անգամ ոլոռ ստանալ: Պատկերացնո՞ւմ եք` գյուղացին ինչքան կարա եկամուտ ստանա»:

Բայց ամեն անգամ հաջողված փորձից խոսելիս դարձյալ խոչընդոտների մասին հիշելու առիթներ է ունենում։ Հայաստանում տարիներ առաջ ներդրված գյուղատնտեսության ապահովագրական համակարգը դեռ կիսատ-պռատ է՝ փորձնական։ Դիմել է իրենց ցանքսերը ապահովագրելու, վնասի ռիսկերը նվազեցնելու համար, բայց մերժել են, թե իրենց մշակած բույսերն ապահովագրական ցանկերում ներառված չեն:

«Փորձարկում են, փորձարկում են, դեռ չեն հասել այն մակարդակին, որ ասենք սա էլ ներառեն, բայց դե այդ տարիները գնում են, ու կարող ես այնպիսի ռիսկեր հանդիպել, որ այլևս չցանկանաս գյուղատնտեսությամբ զբաղվել», - նկատում է Ադամ Սիմոնյանը:

Մի անլուծելի խնդիր են նաև գյուղացուն աջակցող բանկերը։ Ցածր տոկոսներով վարկեր տրամադրող բանկերը գրավի պայման են դնում գյուղացու առաջ։ Մինչդեռ Ալավերդու անբարեկարգ ենթակառուցվածքներ ունեցող, աշխարհից կտրված գյուղական բնակավայրերում անշարժ գույքը բանկերի համար անհետաքրքիր է. դրանց դիմաց վարկեր չեն տալիս, տվածն էլ՝ իրենց ունեցած էժան գույքի 20 տոկոսի չափով միայն. «Պատկերացնեք, որ 20 հազար դոլարը դու հողամաս ունես, գործիքներ, սարքավորումներ, քեզ պետք է տա արդեն 4 հազար դոլար: Փոքր թիվ է, օժանդակություն չի լինում դա արդեն»:

Ադամն ու իր ընկերները ևս մեկ նախաձեռնություն են սկսել։ Ակներ գյուղական բնակավայրում խորհրդային ժամանակներից հետո անտերության մատնված կաթսայատունը մրգի վերամշակման արտադրամասի են վերածում։ Անասնագոմ դարձած շինությունը վերակառուցել են, պատուհաններ տեղադրել: Մոտ 8 հազար դոլարի ներդրում են արել, ու մտքներով չի էլ անցել, որ իրենց համար արգելքներ կլինեն։ Պարզվում է՝ նախաձեռնությունը փաստաթղթավորելու հնարավորություն չունեն։ Տարածքը տիրազուրկ է, ու բոլորը մերժում են այն սեփականության կամ վարձակալության պայմաններով հանձնել նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվին:

Խարխուլ շինությունն արտադրամաս դարձնելու միակ հնարավորությունը դատարանն է։ Բայց այս դեպքում էլ Ադամն ասում է՝ պարզ չէ՝ ում են դատի տալու. «Եթե ինչ-որ մեկի էլ դատի տալու լինենք, ես գիտեմ, որ այդ դատական պրոցեսը տևելու է մոտ երկու տարի, այսինքն` այս արտադրությունը 2 տարի կանգնելու ենք, սպասենք»:

3 տարի առաջ արտերկրից վերադարձած ու Հայաստանում բիզնես սկսած երիտասարդ գյուղատնտեսը, թվարկելով խնդիրները, շեշտում է, որ ամեն դեպքում չի հուսահատվում։ Հավատացած է, որ իր գյուղում հողագործությունը զարգանալու է, գյուղատնտեսությունից հրաժարված համագյուղացիներն էլ՝ խոպանից տուն վերադառնան. «18 թվականին այն հույսով, որ արդարությունը վերականգնվելու է, ես վերադարձել ու հասկացել եմ, որ այդ արդարությունը վերականգնողներից մեկն էլ պիտի ես լինեմ»: