Կառավարությունում ընդունեցին ու լսեցին քաշաթաղցիներին, խոստացան արձագանքել

Քաշաթաղցիները կառավարության շենքի դիմաց, 9-ը հուլիսի, 2021թ․

Երեկ կառավարությունում ընդունել ու լսել են քաշաթաղցիներին։ Պատերազմի հետևանքով տեղահանված ու Հայաստանում հաստատված քաշաթաղցիները մեկ շաբաթ առաջ գործադիրի շենքի առջև էին՝ կոնկրետ պահանջներով. նրանք կա’մ փոխհատուցում, կա’մ բնակարան էին պահանջում ոչ թե Արցախում, այլ` Հայաստանում, այն բնակավայրերում, որտեղից 90-ականներին մեկնել էին Արցախ՝ վերաբնակեցվող գյուղեր։

Ազատ Եղոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Կոնկրետ արձագանքը կլինի կառավարության որոշում՝ մի շաբաթից է, տասն օրից է, այն ժամանակ մենք էլ կհասկանանք՝ վերջնական ինչ որոշում է տեղի ունեցել։ Մենք մեր առաջարկներն ենք ասել, իրենք իրենց առաջարկներն են ասել, ու ոնց որ թե ի մի են գալիս, թե վերջնական ինչ կառավարության որոշում կլինի»։

Շուրջ մեկ տասնյակ քաշաթաղցի է մասնակցել փոխվարչապետ Մհեր Գրիգոյանի հետ հանդիպմանը։ Ազատ Եղոյանն ասաց՝ առայժմ որևէ հստակություն չկա. կառավարությունը քննարկում է Արցախում վերաբնակեցված, ապա այնտեղից տեղահանված ընտանիքներին մինչև 10 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հարցը, գումարը միայն տուն ձեռք բերելու համար է։

«Իրենք առաջարկում են, որ «բնակարանի հետ կապված մենք կարող ենք վարկ տրամադրել, վարկի միջոցով այդ հարցը լուծվի», վարկի մի հատվածը իրենք փակում են տոկոսներով։ «Եթե դուք մեծ խնդիրներ եք ուզում լուծել, ուզում եք մեծ տներ առնեք, որ մենք հնարավորություն չունենք ձեզ տալու, դուք արդեն մնացածը վարկով կանեք, ինչ կանեք՝ ձեր գործն է, բայց բացառվում է Երևանը», - փոխանցեց Եղոյանը։

Քաշաթաղի 10 հազար բնակիչ ունեցող շրջանը 120 գյուղ ուներ, մարդիկ Երևանից ու տարբեր մարզերից մեկնել էին հատուկ վերաբնակեցման ծրագրերով ՝ զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ։ Հիմա էլ ցանկանում են նույն գործով զբաղվել, միայն թե դուրս գան այսօրվա ժամանակավոր կացարաններից, գիշերօթիկներից։

«Մենք Երևանում անելիք չունենք, մեզ պետք է տուն հողամասով, որպեսզի մենք մշակենք, ապրենք, մենք սովոր ենք հող մշակելուն», - ասաց Արմեն Չոմոյանը։

Հանդիպմանը մասնակցած քաշաթաղցիներն ակնկալում են, որ գործադիրում չեն ուշացնի որոշումը։

«Բա վարձով մնալուց լավ չի՞։ Կարող է ինձ չի բավարարում, բայց ես գտնում եմ, որ ճիշտ է դա։ Կոնկրետ ինձ չի բավարարում, բայց ես գտնում եմ, որ դա ճիշտ է, կառավարության հնարավորություններն այդքան են, մենք դրանով պիտի բավարարվենք, որովհետև մենք մեր երկրի թշնամին չենք», - ասաց Ազատ Եղոյանը։