Երևանում առաջին անգամ կկատարվի Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան

Հուլիսի 16-ին Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում հայ հանդիսատեսի համար առաջին անգամ կներկայացվի Քրիստոֆ Գլյուկի հանրահայտ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան՝ ֆրանսաբնակ 23-ամյա ռեժիսոր Վռամ Կարապետյանի բեմադրությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Բեմադրության ձևավորող նկարիչն է Նյու Յորքում բնակվող հայտնի գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանը՝ հանրահայտ Ձիթողցյան տոհմի շառավիղը: Օպերայի հաջորդ բեմադրությունների ժամանակ նվագախումբը կղեկավարի Սուրեն Շահիջանյանը, իսկ մենակատարներ ու երգչախումբը կոնսերվատորիայի ուսանողներն են:

Կոնսերվատորիայի օպերային ստուդիան միանգամից նոր շունչ ստացավ, երբ անցյալ տարի անվանի օպերային երգուհի Հասմիկ Պապյանը ստանձնեց ստուդիայի ղեկավարությունը: Այս ընթացքում իրականացված բոլոր ծրագրերին ահա հաջորդում է ևս մեկը՝ նոր օպերայի բեմադրություն մեր երաժշտասերների համար, որոնք առաջիկա օրերին հնարավորություն կունենան գնահատել մեր լավագույն արվեստագետների և կոնսերվատորիայի ուսանողների կատարած ստեղծագործական աշխատանքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ասաց։ - «Փաստորեն մենք բազմաթիվ անգամ տեսնում ենք և զգում ենք Հասմիկ Պապյանի նվիրվածությունը դեպի մեր ժողովուրդը, մեր հայրենիքը, մեր ապագան, իր սրտացավությունը։ Դա անընդհատ մենք տեսնում ենք և տեսել ենք։ Եվ սա այդ դրսևորումներից մեկն է, որ Հասմիկ Պապյանը եկել է Օպերային ստուդիա և որոշել է դա ոտի հանի, ուսանողների հետ աշխատի, որպեսզի ապագա ունենանք։ Եվ այս կարճ ժամանակում կատարվել է հսկայական աշխատանք։ Գլյուկի օպերան, որը որ ներկայացվելու կարիք չունի, բացառիկ ստեղծագործություն է, Հասմիկ Պապյանի ընտրությունն է։ Հասմիկ Պապյանը մեզ առաջարկեց, որ նվագենք, իհարկե մենք սիրով ընդունեցինք։ Մեզ համար դա մեծ պատասխանատվություն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ընդհանրապես, Հասմիկ ջան, ձեր ամեն ինչի համար, որ դուք աշխարհը բառիս բուն իմաստով գրավելուց հետո որոշել եք, որ պետք է գաք և ձեր ուժը դնեք Հայաստանի մեջ։ Դա, իհարկե, շատ հուզիչ է»։

Հասմիկ Պապյանը շեշտեց, որ առանց իր նվիրյալ գործընկերների ինքը ոչինչ չէր կարող իրականացնել: Ամեն ինչ արվել է անվճար, նաև՝ հովանավորների շնորհիվ։ Օրինակ՝ բեմի կոսմետիկ վերանորոգումը և դահլիճը օդափոխման համակարգով համալրելը:

«Երեսունմեկ տարի հետո ես վերադարձա Հայաստան, և այս առաջարկությունը, որ ինձ արվեց Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար լինելու, ես սիրով ընդունեցի, որովհետև վստահ եմ, որ մեր ապագան երիտասարդներն են և իրենց ճիշտ ուղղորդելու, ճիշտ ծրագրերը կազմելու ու գործը շատ կարևոր է էստեղ, հատկապես Հայաստանում, հատկապես հիմա։ Ինչո՞ւ Գլյուկ ընտրեցի... Սա առաջին ներկայացումն է իմ ղեկավարության օրոք, և ես կարծում եմ, որ մեր երկրին, մեր ժողովրդին հատկապես էս պահին ամոքող, սփոփող երաժշտություն, բուժիչ։ Եվ քանի որ բարոք (բարրոկո) երաժշտություն Հայաստանում ընդհանրապես չի եղել, իսկ Գլյուկը հանրագիտարան է այդ երաժշտության։ 1762 թվականին է գրվել։ Մեզ մոտ ընդհանրապես բարոք երաժշտություն չի եղել։ Ես գտնում եմ, որ հիմա պիտի մենք դուրս գանք էդ տխրության... եթե թույլ տաք ասել, ես դուդուկ շատ եմ սիրում, բայց դուդուկի կոդավորումից պիտի դուրս գանք, պիտի կարողանանք բուժվել։ Սա այն հազվագյուտ օպերաներից է, որտեղ ավարտը երջանիկ է, սերը հաղթում է։ Մենք պիտի շատ դրական էմոցիաներով լցվենք։ Ես ավելի քան համոզված եմ, որ սփյուռքով ապրող և աշխատող մեր արվեստագետները պիտի վերադառնան Հայաստան ժամանակավորապես, պիտի աշխատեն, իրենց միջավայրը ստեղծեն, իրենց փորձը փոխանակեն մեր երիտասարդների հետ։ Որպեսզի կարողանանք ապրել, մեր մեջքը շտկել, մեր երկիրը վերակառուցել, ինքներս մեզ վերագտնել։ Իսկ մշակույթը, կարծում եմ, շատ կարևոր ունի։ Ասեմ ձեզ, որ ես ունեմ հարյուրավոր համախոհներ և բարեկամներ, որոնք պատրաստ են, որոնք սպասում են Հայաստանում աշխատելու առաջարկի։ Անհատներով պիտի փորձենք իրենց էստեղ բերել, ասպարեզ տրամադրել։ Մենք ունենք շատ լավ երգիչներ, մենք ունենք օպերային թատրոն արդեն մեկ դար մոտավորապես, բայց մենք, ցավով եմ ասում, հիսուն տարի հետ ենք մնացել օպերային արվեստին, ինչ որ կատարվում է Եվրոպայում։ Մենք ուզում ենք, որ համաչափ քայլենք Եվրոպայի հետ։ Փառք Աստծո, գտել ենք հովանավորներ, որոնք հասկացան, որ շատ կարևոր է մշակույթի դերը այս պահին, չնայած շատերն էլ ասեցին, թե ժողովուրդը սոված ա, իսկ դու օպերա ես բեմադրում։ Մենք եթե սպասենք, որ բոլորը կշտանան, տանիք ունենան իրենց գլխի վրա, մենք մեր այբուբենը կմոռանանք», - ասաց Հասմիկ Պապյանը։