ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Սպիտակ տանը կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Դա կլինի Մերկելի վերջին այցը Վաշինգտոն Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում:
Մերկելը 16 տարի է զբաղեցնում կանցլերի պաշտոնը: Նրա այցը տեղի է ունենում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ: Մերկելն այդ ընտրություններին չի մասնակցելու:
Այցի նպատակն է ընդգծել Միացյալ Նահանգների և Գերմանիայի ամուր դաշինքը, որը որոշակիորեն թուլացել էր հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:
Մերկելի և Բայդենի բանակցությունների օրակարգում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն է, ինչպես նաև Ռուսաստանից Գերմանիա անցկացված «Հյուսիսային հոսք-2» գազատարին առնչվող հարցեր:
Բալթյան ծովի հատակով անցկացված այդ գազատարի կառուցումը գրեթե ավարտվել է: Միացյալ Նահանգները տարիներ շարունակ ընդդիմացել է այդ նախագծին և պատժամիջոցներ է սահմանել դրա իրականացմանը մասնակցող ընկերությունների նկատմամբ:
Այնուամենայնիվ, նախագահ Բայդենը նկատել է տվել, որ պատրաստ է հրաժարվել այդ պատժամիջոցներից, քանի որ դրանք կարող են վնաս հասցնել Միացյալ Նահանգների և Եվրամիության հարաբերություններին: