Կարևոր է, որ պետության, ազգի մասին մտածող մարդիկ մտածեն նաև մշակույթի մասին. Արամ Սաթյան

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան

2013 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր, երաժշտական ամենատարբեր ժանրերում բազմաթիվ ստեղծագործությունների, այդ թվում ավելի քան 300 երգերի հեղինակ Արամ Սաթյանը «Ազատության» հետ հարցազրույցում շեշտում էր, որ միության հոգսաշատ առօրյան ներառում է նաև ամենատարբեր բնույթի ստեղծագործական գործունեություն՝ համերգներ, փառատոներ, հոբելյաններ, որոնցով հատկապես հարուստ են վերջին երկու տարիները:

Հուլիսի 10-ին էլ Դիլիջանում Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը, որը կրում է Էդվարդ Միրզոյանի անունը, տեղի ունեցավ Միրզոյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված մի հրաշալի համերգ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

Կոմպոզիտորների միությունը նաև վերջերս համալրվել է նոր, երիտասարդ անդամներով, և ինչպես շեշտում է միության նախագահ Արամ Սաթյանը՝ շատ հետաքրքիր էր հենց իրենց՝ ավագների համար, որ միության անդամ դառնալու դիմորդների քանակը զգալիորեն մեծացել էր նախորդ տարիների համեմատ:

«Քսան հոգուց դեռևս ընտրեցինք մի քանիսին, ասեցինք, որ եթե մյուսները նոր գործեր բերեն և այլն... Միշտ էլ երիտասարդությունը արժանի է։ Ես հիշում եմ իմ առաջին սիմֆոնիան, որը Արտեմ Հարությունյանի խոսքերով էր, սկսվում էր սիմֆոնիան՝ շտապ հավաքեցեք հները, նորերն են գալիս։ Նույն մտածողությունն էլ էս նոր սերունդը ունի։ Նրանք կրթված են, ուղղակի որոշ հարցեր կան, որոնք նրանք պետք է դեռ կայանան։ Առաջին հերթին, ես իրենց էլ ասել, պետք է նախ կոմպոզիտոր լինելով, լինեք քաղաքացի։ Սա շատ կարևոր է, երբ որ արվեստագետը կարողանում է լինել նաև քաղաքացի։ Էն ժամանակ շատ հարցեր լուծվում են այլ կերպ»։

Հարցին, թե ինչպես է ավագ սերունդն աջակցում երիտասարդներին, Սաթյանը պատասխանեց. - «Հնարավորին չափով։ Երբ որ հնարավորություն կա համերգներ կազմակերպել, տպագրել։ Անկեղծ ասեմ՝ այսօր այդ բոլոր բաները բավականին բարդ են, որովհետև Կոմպոզիտորների հասարակական կազմակերպություն է և չի հատկացվում ոչ մի ֆինանսներ։ Եվ մենք ինքնուրույն այդ ամեն ինչը անում ենք... հայթայթում ենք։ Մարդիկ կան, որոնք աջակցում են։ Օրինակ, Դիլիջանի կեսը սարքվում ա հիմի, մինչև սեպտեմբեր արդեն պատրաստ կլինի, ճաշարանը լրիվ վերանորոգել ենք, նոր տեխնիկա և կլոր տարին արդեն կաշխատի։ Դահլիճը գործում է, բայց դաճլիճը պետք է վերանորոգվի։ Ամեն դեպքում, գործ կա անելու, շատ գործ կա անելու։ Կարևոր է, որ մարդիկ, որոնք մտածում են ազգի մասին, պետության մասին, նրանք մտածեն նաև ուղիղ մշակույթի մասին։ Հենց էս մտածողությունը դադարեց, երևի մենք որպես ազգ արդեն կարող ա գոյություն չունենանք»։

Սաթյանն ասաց, որ վերջին երեք տարվա ընթացքում նախարարությունից ոչ մի պատվեր չեն ստացել՝ շարունակելով. - «Այն ստեղծագործությունները, որոնք կատարվում են, ոչ մի հոնորար չկա, ոչ մի բան չկա, զրոյի վրա է Կոմպոզիտորների միությունը պատվերների կողմից։ Նույնիսկ տպագրության կողմից։ Էլի Կոմպոզիտորների միությունը առանձին իրա մտածելակերպով և' տպագրում է, և' ամեն ինչն անում է»։

Սաթյանը համոզված է, սակայն, որ այս խնդիրները ամենևին չեն խոչընդոտում կոմպոզիտորական նոր, տաղանդաշատ սերունդ ունենալուն, իսկ նոր, երիտասարդ, թարմ ուժերը մեր երաժշտարվեստում իրենց որոշակի դերը կարող են խաղալ նաև մեր երկրի ապագայի համար։