Փաշինյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին

Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարն այս մասին այսօր ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ըստ կառավարության հաղորդագրության` Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը նաև տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակը հաղթահարելու համատեքստում և ընդգծել ՌԴ առանցքային դերը անվտանգության ապահովման գործում:

Դեսպան Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն, ինչի ապացույցն է երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների ակտիվ երկխոսությունը, շփումներն ու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: