Կրակոցներ Գորիսում. ըստ «Իմ քայլի» պատգամավորի` միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի

Գորիսում գիշերը կրակոցներ են հնչել։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վերջիններս տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների՝ Սուրեն Խաչատրյանի և Մելիքսեթ Պողոսյանի ազգականների միջև, նշվում են Խաչատրյանի ավագ որդու և Պողոսյանի որդու անունները։

Ըստ մամուլի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին ծանր վիճակում տեղափոխվել է Երևան։

Սյունիքի մարզպետարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ մեկնաբանություններ չեն տալիս։ Իսկ պաշտոնական հաղորդագրությունում անուններ չեն նշվում։ Քննչական կոմիտեն հաղորդում է միայն, որ հարուցվել է քրեական գործ՝ մի քանի հոդվածներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ապօրինի կերպով հրազեն պահելը, փոխադրելը կամ կրելը, խուլիգանություն։

Սյունիքից ընտրված իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ևս զերծ մնաց անուններ նշելուց՝ չհերքելով, սակայն, որ դեպքի մասնակիցները կապ ունեն ներկա և նախկին մարզպետների ընտանիքների հետ։ Այդուհանդերձ, իշխանական պատգամավորը չի կարծում, որ այս միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի. «Չեմ կարծում, որ սա ինչ-որ իշխանության համար մղվող պայքարի շրջանակներում է եղել, կարծում եմ` դա ինչ-որ շարքային վիճաբանության շրջանակներում տեղի ունեցած դեպք էր»:

Հարցին` հանդիպե՞լ է մարզպետի հետ, ում որդու անունն է նաև շրջանառվում, պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ, դեռևս չեմ խոսել մարզպետի հետ, բայց կարծում եմ, որ օպերատիվ աշխատանքի արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում այս դեպքը կպարզաբանվի»:

Սյունիքում իրավիճակը լարված է օրեր շարունակ, տարբեր մեղադրանքներով ձերբակալվում, ապա կալանավորվում են համայնքապետերը։ Այս պահին կալանավորված են Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։

Գլխավոր դատախազությունը այսօր ԿԸՀ-ին միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու թույլտվության համար։ Դատախազության փոխանցմամբ՝ Գորիսի քաղաքապետի գործը փոխկապակցված է Քարահունջի համայնքապետի գործին: Ավելի վաղ Առուշ Առուշանյանն այս գործով վկա էր, բայց նրա դեմ 7-ից ավելի քրեական գործեր կան՝ ապօրինի ձեռնարկատիրությունից մինչև ապօրինի հավաքների անցկացում։

Սոցիալական ցանցերով նաև տեսանյութ է տարածվում, որ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում: Տեղեկություն է շրջանառվում, թե կոմբինատի մի շարք աշխատակիցների բերման են ենթարկել՝ հարցաքննության նպատակով: Կոմբինատի խորհրդի անդամ է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

Ազգային անվտանգությունից «Ազատության» զանգերին չեն պատասխանում՝ տեղեկատվությունը ճշտելու համար:

«Հայաստան» դաշինքի ղեկավարները պնդում են, թե իրենց աջակցող Սյունիքի համայնքապետերը և իրենց համախոհները ենթարկվում են քաղաքական հետապնդման։ «Հարց հռետորական` ինչո՞ւ ընտրություններից հետո», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել էր «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Որևէ քաղաքական հետապնդման հարց չկա», - «Իմ քայլից» հակադարձում է Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, սակայն՝ Սյունիքում կան բազմաթիվ խնդիրներ, կասկածներ, հանցագործության առևերույթ հատկանիշներ և այս ամենը պետք է քննվի. «Քաղաքական հայացքներն այստեղ կապ չունեն, բայց եթե մարդիկ կատարել են հանցագործություններ` ով ուզում է լինի, պետք է պատասխան տա», - շարունակեց պատգամավորը:

Թավիշը պողպատով փոխարինելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումներից հետո մեկարկած այս գործողությունները, ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, ուշացած են. «Կան մարդիկ և կերպարներ, որոնք վստահաբար մինչև հեղափոխությունն էլ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին, բայց իրենք, այդ թվում` այս դատախազության կողմից, այս քննչական մարմինների կողմից հովանավորվել են: Հիմա ինձ կասեն` լավ չի՞, բռնում են, լավ չի, գիտեք ինչի՞, որովհետև նորից էպիզոդիկ, նորից իրավիճակային, նորից հետմահու գործողություններ են կատարվում: Այս բոլոր գործողությունները ճիշտ են և արդյունավետ են ժամանակին»:

Իրավապաշտպանն անպատասխան հարցեր ունի իրավապահ համակարգին՝ այսքան ժամանակ այս խնդիրները եղել են, որտե՞ղ էին ԱԱԾ-ն, Դատախազությունը 3 տարի առաջ։ Անպատժելիության մթնոլորտը, ըստ Կարապետյանցի, թույլ տվեց հանցավոր ռեժիմին ավելի ամրեցնել իրենց դիրքերը. «Հանցավոր ռեժիմն այնքան է դասավորվել ու տեղավորվել ու իր կապիտալն այնքան է կարողացել ճիշտ ուղղությունների վրա մի մասը կրկնակի թաքցնել, որ հեսա չեք գտնելու, մի մասն էլ այնպես օգտագործել, որ այսօր պետության և պետականության դեմ գործողություններ են իրականացվում»:

Իրավապաշտպանը նկատում է՝ նախկինները երբեք էլ չէին հեռացել Սյունիքից՝ հիշեցնելով, թե ում Փաշինյանը նշանակեց Սյունիքի մարզպետ հեղափոխությունից հետո. «Երբ Հունան Պողոսյանի նման մարդուն ուղարկեցին իբր Սյունիք` իբր կարգավորելու, հետո էլ պատերազմական այդ օրերին ինքն էլ թողեց, հեռացավ, այ սրա մասին պիտի մտածեին: Ցավում եմ, որովհետև իրականում խոսքը գնում է մարդկանց մասին, ու իրենք անընդհատ ապրում են այդ բռնությունների, ճնշումների ու վախի ցիկլի մեջ», - շեշտում է Կարապետյանցը:

Այս ամենի պատասխանատուն, ըստ նրա, իշխանություններն են, որոնք պետք է ողջամիտ լուծումներ գտնեն Սյունիքում կարգուկանոն ապահովելու, անվտանգություն երաշխավորելու համար։