Այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է հաղորդագրությունում։
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ զոհված պայմանագրային զինծառայողը 38-ամյա շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե հայկական կողմն է գնդակոծել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, նրան տեղափոխել են բուժհաստատություն։ Ըստ ադրբեջանական կողմի՝ իրենց «պատասխան կրակից» հետո իրավիճակը տվյալ ուղղությունում կայուն է։
Տե՛ս նաև այստեղ