ՔԿ. Մխիթար Զաքարյանը կալանավորվել է

Մեղրիի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է, տեղակալի և գլխավոր մասնագետի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Նշվում է, որ Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, «այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից»:

Մեղրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար հուլիսի 8-ին միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար ԿԸՀ դիմելու և համաձայնություն ստանալու համար, այն բավարարվել է:


Մխիթար Զաքարյանին, նրա տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, և համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնցից բավարարվել է միայն Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, մյուս երկուսը դեռևս չեն քննարկվել:

Նախաքննությունը շարունակվում է: