Վերլուծաբանները չեն կարծում, թե Պուտին - Լուկաշենկո հերթական հանդիպման օրակարգում Միութենական պետության հարցն առանցքային տեղ կունենա

Սանկտ Պետերբուրգում այսօր հերթական անգամ հանդիպում են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները։ Վերջին անգամ նրանք հանդիպել էին մայիսին։

Կոնստանտինյան պալատում հանդիպումը սկսելիս Վլադիմիր Պուտինն ասել է, թե Բելառուսը մնում է Ռուսաստանի հուսալի գործընկերը և, չնայած պատժամիջոցներին, սպասարկում է բոլոր վարկերը։

Վերլուծաբաններն արդեն նույնիսկ չեն գրում, թե ռուս-բելառուսական օրակարգում Ռուսաստան – Բելառուս միութենական պետության հարցերն են։

Անցած տարի օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում սկսվել էր հուժկու բողոքի շարժում, և գործող նախագահը կարողացել էր պահել իր իշխանությունը միայն Կրեմլի շնորհիվ։ Ալեքսանդր Լուկաշենկոն լեգիտիմ նախագահ չի համարվում Արևմուտքում, և նրա հիմնական գործընկերները ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներն են և առաջին հերթին՝ Վլադիմիր Պուտինը։

Բելառուսում տապալված հեղափոխությունից հետո ռուսաստանցի վերլուծաբանները համոզված էին, որ Կրեմլի օգնության գինը Ռուս-բելառուսական միութենական պետության դե ֆակտո գործարկում է, սակայն շուրջ մեկ տարի անց քննարկումներից բացի, այլ առաջխաղացում այդ հարցում չկա։ Փոխարենը Մոսկվան շարունակում է օգնել Մինսկին, այդ թվում ֆինանսապես։

Ռուսաստանի համար չափազանց կարևոր մեկ այլ սլավոնական հետխորհրդային երկրի՝ Ուկրաինայի մասին Վլադիմիր Պուտինը երեկ ծավալուն հոդված է հրապարակել, ընդ որում՝ ռուսերեն և ուկրաիներեն լեզուներով։

Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկին հոդվածը կարդացել է, խոստացել է առաջիկայում պատասխանել Պուտինին։

Ինչի՞ մասին է հոդվածը։ Առաջին հերթին այն մասին, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ազգ են, ունեն ընդհանուր պատմություն, լեզու, կրոն, մշակույթ, իսկ ահա չար ուժերը, այսինքն՝ Արևմուտքը ամեն ինչ անում է Ուկրաինայից «Հակառուսաստան» ստեղծելու համար։

Հոդվածում Ռուսաստանի նախագահը ընդգծում է, որ Սովետական Միությունը Ռուսաստանի հսկայական տարածքներ է փոխանցել Ուկրաինային, ինչը Պուտինը արդարացի չի համարում։

«Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ խորհրդային դարաշրջանի ծնունդ է։ Մենք գիտենք և հիշում ենք, որ այն հիմնականում ստեղծվել է պատմական Ռուսաստանի հաշվին։ Բավական է համեմատել, թե որ հողերն են վերամիավորվել ռուսական պետության հետ 18-րդ դարում և ինչ տարածքներով է Ուկրաինան դուրս եկել Խորհրդային Միության կազմից», - գրել է Պուտինը։

Ռուսաստանցի և ուկրաինացի վերլուծաբանները գրում են, թե Ռուսաստանը չի հավակնում լուծարել Ուկրաինայի պետականությունը։ Կարելի է ասել, գրում են ռուս վերլուծաբանները, որ Պուտինը Ուկրաինային առաջարկում է հարաբերությունների ԱՄՆ – Կանադա կամ Գերմանիա – Ավստրիա մոդելը։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահը շեշտում է, որ թույլ չի տա, որ Ուկրաինան վերածվի հակառուսական պետության, քանի որ համարում է, որ Ուկրաինայում մեծամասամբ ապրում են մարդիկ, ովքեր իրենց ռուս են համարում, կամ գոնե ռուսներին հարազատ ազգ։

Պուտինը, սակայն, հոդվածում չի նշել, որ Սովետական Միությունը դե յուրե փլուզվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի այն ժամանակվա նախագահները աշխարհի համար անսպասելիորեն ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը։ Ռուսաստանը, ի դեպ, այն ժամանակ համաձայնել է, որ Ուկրաինան դուրս է գալիս Սովետական Միությունից բոլոր շրջաններով, այդ թվում Ղրիմով հանդերձ, իսկ փոխարենը Ուկրաինան համաձայնել է ամբողջությամբ Ռուսաստանի հանձնել սովետական միջուկային զենքը, որը կար Ուկրաինայի տարածքում։