Կուբայի տասնյակ քաղաքներում՝ Հավանայից մինչև Սանտյագո անցած հանգստյան օրերին հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` պահանջելով կոմունիստական ռեժիմի և նախագահ Միգել Դիաս-Կանելի հրաժարականը։
Ոստիկանությունն ու քաղաքացիական հագուստներով գործակալները տասնյակ մարդկանց բերման են ենթարկել։ Իրավապաշտպան Cubalex տարագիր խմբի տվյալներով` առնվազն 80 մարդ է ձերբակալվել, այդ թվում նաև անկախ լրագրողներ։
ԱՄՆ նախագհ Ջո Բայդենն ասել է, որ Ամերիկան կանգնած է Կուբայի ժողովրդի կողքին։
Կուբայի նախագահ Դիաս-Կանելը բողոքի ցույցերի պատճառը բարդել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսապես ճնշելու քաղաքականության վրա։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Կուբայի իշխանությունները պետք է լսեն բողոքի ակցիաների մասնակիցների ձայնը, այլ ոչ մեղադրեն ԱՄՆ-ին։ Նա նշել է, որ կուբացիները բողոքում են, որովհետև հոգնել են բռնաճնշումներից, դժգոհ են կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարից, տնտեսական անհաջող քաղաքականությունից և պարենի սակավությունից։
Երեկվանից Հավանայի փողոցները վերահսկում են ոստիկանական մեծաթիվ խմբեր։