Տուրիզմը Լոռիում վերակենդանանում է

Լոռիում ամեն օր կարելի է տեսնել զբոսաշրջիկների թե՛ հայաստանյան մարզերից ու Երևանից, թե՛ արտերկրից։

Մարգարիտա Վերանյանն Ալավերդու՝ թանգարան դարձած Մենձ Էր քարայրում ամեն օր զբոսաշրջիկների է ընդունում ու ճանապարհում։ Ասում է՝ ձմռանն անհույս էին, թե կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով ընդհատված այցելությունները դարձյալ կակտիվանան։

«Ճիշտն ասած, ձմռանը լրիվ պասիվ, փորձեցինք վերաբացվել ու փորձեցինք մի քանի աշխատողով ընդամենը պահել այս ամենը, ինչ ստեղծված է։ Բայց հիմա՝ ամռանը, ոնց որ վերածնվենք՝ այսպես կարելի է ասել, ու հիմնականում ներքին տուրիզմն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վերանյանը։

Լոռիում մեծ թափով զարգանում է նաև ռաֆթինգը։ Էքստրիմի սիրահարներն անգամ աշխարհի տարբեր երկրներից Լոռի են հասնում՝ «գիժ» Դեբեդի վրա ռետինե նավակով թիավարելու համար։

Մերի Ստեփանյանն ընկերների հետ Միացյալ Նահանգներից էր եկել Լոռի։ Ասաց՝ բնությունը հրաշալի է, ռաֆթինգը՝ զվարճալի ու ավելի էքստրեմալ, քան Ամերիկայում է․ - «Մենք Լոս Անջելեսից ենք եկել բոլորով, ընկերուհիներով։ Այստեղի բնությունը իրոք ոչ մի տեղի բնության հետ չես կարող համեմատել։ Եվ շատ ավելի պետք է աշխատենք, շատ ավելի աշխույժ պետք է լինես, որ էդ ջրերի միջով անցնես»։

Այսօր Հայաստանում արկածային տուրիզմի այս ուղղությունով զբաղվող երեք ընկերություն կա։ Լոռիում ռաֆթինգի առաջին հիմնադիրներից մեկը՝ Վազգեն Խաչիկյանը ևս ասում է՝ տուրիզմը Հայաստանում վերակենդանացման նշույլներ է ցույց տալիս։

«Ռաֆթինգը այսպես ինտենսիվ զարգանում է մեր տարածաշրջանում և դառնում է մեր տարածաշրջանի լոկոմոտիվներից մեկը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչիկյանը՝ հավելելով, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ «այս տարի զգացվում է, որ ինքը նշույլներ վերակենդանացման ցույց է տալիս»։

Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետով ռուսաստանցի Ելենան արդեն տուն էր վերադառնում։ Ընտանիքով արձակուրդը Հայաստանում էին անցկացրել։ Նրանք էլ հիացած էին բնությունով ու հայաստանցիների հյուրընկալությամբ։ Ասացին՝ հաճախ են եղել այստեղ, էլի կգան։

«Մեզ այստեղ դուր է գալիս, ամեն ինչ հրաշալի է, բնությունն ու մարդիկ հիանալի են, և հյուրընկալությունը պարզապես ամենաբարձր մակարդակի է, իսկ գները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար շատ ընդունել ի են։ Ամեն ինչ իսկապես հրաշալի է ու համեղ, իսկ մրգերն ուղղակի հրաշք են, մեր ամբողջ մեքենայում ծիրան ու դեղձ է», - «Ազատությանը» ասաց ռուսաստանցի կինը։