Հուլիսի 26-ին պարզ կդառնա` Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության կենթարկվի, թե ոչ

Բարձրագույն դատական խորհրդն այսօր ավարտվեց նույն կառույցի՝ կասեցված լիազորություններով նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Ինքը՝ Ռուբեն Վարդազարյանը նիստին չէր ներկայացել, այդ մասին զգուշացրել էր դեռ առաջին նիստին և նշել, որ հարցերին կպատասխանի գրավոր տարբերակով, եթե այդպիսիք լինեն։

Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նրա եկամուտների հայտարարագրում անճշտություններ էր նկատել:

Վարդազարյանը, օրինակ, 2018-ին հայտարարագրել է 9 մլն 7 հազար 244 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։ Նա հայտարարագրել է նաև 3 անշարժ գույք՝ բնակարան, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, և բազմաբնակարան բնակելի շենք՝ բնակելի և ոչ բնակելի ընդհանուր օգտագործման տարածքներով, ինչպես նաև 1 ավտոմեքենա՝ «AUDI Q7» մակնիշի:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացել է բանկային քաղվածքի տվյալները, որոնց համաձայն` առնվազն 3 տարի Վարդազարյանը նույն գումարն է մուտքագրել, որի հիմքերն առնվազն օրինականության տեսանկյունից անհայտ են եղել։

ԲԴԽ՝ կասեցված լիազորություններով նախագահը չէր պատասխանել հանձնաժողովի հարցերին՝ հայտարարագրում եղած անհամապատասխանությունների մասով, ուստի հանձնաժողովը մյուս մանրամասները չի հանրայնացնում։

Նախորդ նիստը հետաձգվել էր, որպեսզի Ռուբեն Վարդազարյանը ծանոթանար հանձնաժողովի հիմնավորումներին և ներկայացներ իր կարծիքը, պարզաբանում է խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության կենթարկվի, թե ոչ, Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի խորհրդակցական սենյակում, իսկ որոշումը կհրապարակի հուլիսի 26-ին։

Խորհուրդը առաջիկայում ևս մեկ հարց ունի քննարկելու` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել է Ռուբեն Վարդազարյանի բողոքը՝ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ։

«Մենք ստացել ենք պարոն Վարդազարյանի դիմումը, ստացել ենք դատարանի որոշումն այսօր, անձամբ ես այսօր եմ ստացել, խորհուրդը նիստ կգումարի, կքննարկի և՛ դատարանի որոշումը, և՛ պարոն Վարդազարյանի դիմումը, և ըստ օրենքով նախատեսված ընթացակարգի կկազմի որոշումը», - ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

2019-ին ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնած Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին ապրիլին, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: Վարդազարյանն էլ երկու բողոք էր ներկայացրել՝ մեկը իրեն որպես մեղադրյալ ներգրավելու համար, մյուսը՝ քրեական գործ հարուցելու։

Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ երկու դեպքում էլ դատախազությունը հաշվի չի առել ԲԴԽ նախագահի գործառութային անձեռնմխելիությունը, պարզաբանելով, որ քրեական հետապնդումը չի հարուցվել նրա լիազորությունների իրականացման կապակցությամբ։ Առաջին բողոքը՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասով, դատարանը բավարարել է, դատավորը արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր Վարդազարյանին մեղադրյալ ներգրավելուց առաջ հաղթահարել նրա անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։

Քրեական գործ հարուցելու մասով դեռ որոշում չկա։

«Դատական ակտում արձանագրված է, որ դատախազությունը կամ կոնկրետ դեպքում գլխավոր դատախազը չի այն սուբյեկտը, որ պետք է գնահատական տա այդ մասին: Ցանկացած դեպքում երբ կա վեճ, լիազորությունների հետ կապված է, թե ոչ, պետք է հարցին պատասխանի Բարձրագույն դատական խորհուրդը», - նշեց Խուդոյանը:

Վարդազարյանի շահերի պաշտպանի պնդմամբ` իր պաշտպանյալի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, վարույթն անթույլատրելի էր ի սկզբանե, և հիմա էլ գլխավոր դատախազության և վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանի որոշումը չկատարելը պաշտոնեական լիազորությունների չարաշահում է որակում։ Դատախազությունը 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկել որոշումը, բայց դա չի կարող կասեցնել դատական ակտի կատարումը. «Այս պահին կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը սահմանում է` մեղադրանքն ապօրինի է,ենթադրում եմ` զուտ ընթացակարգային բնույթ պետք է կրի ԲԴԽ -ում ընդամենը»: Հարցին` եթե մեղադրանքը ապօրինի է, նշանակում է` պաշտոնում պետք է վերկաանգնվի՞, Խուդոյանն արձագանքեց` միանշանակ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները այժմ կատարում է խորհրդի տարիքով ավագ անդամը՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Ավելի վաղ Վարդազարյանը համոզմունք էր հայտնել, որ իրեն հեռացնում են՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը Ջհանգիրյանին հանձնելու համար։ Համաձայն մամուլի հրապարակումների` ԲԴԽ նախագահի ու իշխանության հարաբերությունները լարվել են Վարդազարյանի հայտնի կոչի պատճառով։

Անցած նոյեմբերին, երբ դատարանները քննում էին իշխանության յուրացման և վարչապետի սպանությունը նախապատրաստվելու համար մեղադրվող մի շարք ընդդիմադիրների կալանավորման հարցերը, Վարդազարյանը, կիրառելով Նիկոլ Փաշինյանի հեղինակային արտահայտությունը, կոչով դիմել էր դատավորներին՝ ասելով. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ Այս կոչից հետո դատարանները ձերբակալումից ազատ էին արձակել մի շարք գործիչների։