Ադրբեջանում «դեմարշ» են որակում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ օրն է վրդովված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների, ինչպես ադրբեջանցի մեկնաբաններն են գրում՝ դեմարշից։

Բանն այն է, որ հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված քառասունվեց դեսպաններ այցելել են Շուշի, սակայն նրանց թվում չեն եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Ընդ որում, ադրբեջանցի լրագրողներին և վերլուծաբաններին ամենից շատ վրդովեցրել է ռուս դեսպանի բացակայությունը։

Միջազգային հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիմքեթ Հաջիևը լրագրողների ասել էր, որ դեսպանների այցը Շուշի Ալիևի նախաձեռնությունն էր։ Ադրբեջանական մամուլն այս կապակցությամբ գրում է, որ սա Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների «ընդգծված դեմարշն է հաղթող նախագահ Ալիևի դեմ»։

Պաշտոնական Բաքուն այս դեմարշին դեռ չի արձագանքել։ Շուշի այցելած դեսպանների թվում էին նաև ՀԱՊԿ անդամ երեք պետությունների՝ Ղազախստանի, Տաջիկստանի և Բելառուսի դեսպանները, ինչպես նաև Ավստրիայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Կորեայի, Քաթարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Բելգիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի և Վենեսուելային դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

Շուշի հրաժարվել էր այցելել նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հաստատել է, որ Բաքվում բրիտանական դեսպանության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ կազմակերպված այցին։

Մեծ Բրիտանիան լուրջ ներդրումներ ունի Ադրբեջանում, և բրիտանացի դեսպանի այս որոշումը առնվազն հետաքրքիր է։

Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը անընդհատ կրկնում է, թե Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, և Մինսկի խումբն այլևս անելիք չունի։ Իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրներն անընդհատ հայտարարում են Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները պետք է շարունակել՝ համապարփակ կարգավորման հասնելու համար։ Ընդ որում, Վաշինգտոնի և Փարիզի մոտեցումներն այս հարցում նույնն են, իսկ Մոսկվան թեև ասում է, որ խնդիրը դեռ կարգավորված չէ և գործընթացը պետք է շարունակել, սակայն հավելում է, որ այսօր դրա ժամանակը չէ, նախ պետք է ստեղծել վստահության մթնոլորտ Հայաստանի և Ադրբեջանի միջև, լուծել հրատապ հարցերը, հետո նոր անցնել համապարփակ կարգավորմանը։

Այդուամենայնիվ, երեք դեսպանների, ադրբեջանական աղբյուրների բնորոշման՝ դեմարշը խոսուն է և չափազանց զայրացրել է ադրբեջանցիներին։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զիլֆուգարովը հայտարարել է, թե դրանով նրանք ահազանգում են, որ իրավիճակի կայունացումից հետո մտադիր են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, գործում են Մադրիդյան սկզբունքների տրամաբանության համապատասխան։ Ադրբեջանի նախկին արտգործնախարարն առաջարկում է պատժել այդ դիվանագետներին և նրանց կհրավիրել որևէ այլ միջոցառման, քանի դեռ նրանք չեն այցելել Շուշի։ Ավելին՝ Զիլֆուգարովը առաջարկում է պաշտոնապես հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից։

«Ադրբեջանը պետք է ցույց տա իր միանշանակ դիրքորոշումը և հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտից։ Եկել է այդ քայլը կատարելու ժամանակը», - ասել է նախկին արտգործնախարարը։