Կառավարությունը նպատակադրվել է առաջիկա տարիներին ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ 

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարության այսօրվա նիստին, 12-ը հուլիսի, 2021թ.

Կառավարությունը նպատակադրվել է առաջիկա երեք տարիներին՝ 2022թ., 2023թ. ու 2024թ.-ին ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ և արդյունքում 2024թ.-ին հավաքել 2 տրիլիոն 84 միլիարդ դրամ հարկ ու տուրք կամ ավելի քան 50 տոկոսով ավելի, քան 2020թ.-ին՝ 1 տրիլիոն 385 միլիարդ դրամ։

Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց «2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», և համաձայն այդ ծրագրի՝ նման բարձր տնտեսական աճ ապահովելու համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մտադիր է խթանել ներդրումների աճը՝ նախատեսվում է յուրաքանչյուր տարի ապահովել լրացուցիչ 270 միլիարդ դրամի ներդրումներ։

Կառավարության այսօրվա դռնփակ նիստից հետո էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը իրատեսական համարեց նման բարձր թվերով ծրագրի իրականացումը՝ մանրամասնելով, որ կառավարությունը նախատեսում է Հայաստանում հիմնել երեք արդյունաբերական գոտի՝ Գյումրիում, Արարատում և Մեղրիում. «Փոքր-ինչ մասնագիտացում են ունենալու, օրինակ` Արարատինը շատ ավելի շատ նախատեսված է իրանցիների համար, իրանական բիզնեսների համար, քանի որ այսօր մենք ունենք մեծ հետաքրքրություն իրանական ընկերությունների կողմից` իրենց արտադրությունների մի մասը տեղափոխել Հայաստան: Հիմա արդեն այդ գործընթացը գնում է, ուղղակի մեծ մասշտաբի էֆեկտ ստանալու համար մենք պետք է ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքներ, օրինակ` արդյունաբերական գոտի:

Սյունիքում Մեղրիի ազատ տնտեսական գոտին է, որի ընդլայնման և իրեն աշխատանքային տեսքի բերելու ուղղությամբ մենք արդեն բավական ժամանակ է` աշխատում ենք, ու պրոյեկտն արդեն նախապատրաստական փուլում է»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամսվա սկզբին հայտարարեց, որ տարին Հայաստանը կփակի 6 տոկոս տնտեսական աճով՝ գրեթե երկու անգամ ավելի, քան 2021թ.-ի համար կառավարությունը սպասում էր անցած տարվա վերջին՝ 3.2 տոկոս։

Հաջորդ ուշագրավ հանգամանքը հարկերի հավաքման կտրուկ աճն է։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են պատրաստվում 2024թ.-ին մոտ 700 միլիարդ դրամ ավելի հարկ հավաքել, քան հավաքել են անցած տարի։

«Կապրենք, կտեսնենք, ամեն ինչ կախված է առաջիկա տնտեսական զարգացումներից: Այն, որ ավելանալու են և բավականին մեծ տեմպերով, դրանում ուղղակի համոզված եմ», - ասաց Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին` ինչի՞ արդյունքում են հարկերն ավելանալու` տնտեսական աճի՞, թե՞ ստվերի դեմ պայքարի, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ե՛վ նրա, և՛ նրա: Ինչպես գիտեք, այդ հարցին առիթ եղել է, անդրադարձել ենք, հարկային եկամուտների ավելացումը, բնականաբար, կապված է Ձեր նշած երկու գործոններից:

Հարկային բեռը որոշ ոլորտներում հնարավոր է` ավելանա, հնարավոր է` վերանայումներ լինեն, և այդ ամենի արդյունքում նաև պակասի»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` միայն նման բարձր տնտեսական աճը կարող է թույլ տալ շոշափելի բարելավել հայաստանյան սոցիալ-տնտեսական իրավիճակը, սակայն նման հաջողության հասնելու համար կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի արմատական բարեփոխումների. «Առաջին ազդակները բոլորին են ուղղված, հատկապես բիզնեսի ներկայացուցիչներին, որ շարունակեն այն քաղաքականությունը, որը կառավարությունը 18-19թթ. է արել, 20 թվականը թողնենք, յուրահատուկ տարի էր, 21-ին էլ է պատրաստվում դա անել, իսկ դա նշանակում է ուղղակի ազատություն, ազատ գործելու հնարավորություն, հովանավորչության բացառություն, մրցակցային պայմաններ, որն էլ իր պատասխանը կտա նրա այն առումով, որ հարկահավաքություն է, կտեսնենք մենք, այն, ինչ որ նաև այս տարի է արդեն զգացվում: 2

1 թվականին արդեն նույնիսկ 19 թվականի տեմպերի բացարձակ թվերով ավելի շատ են հարկեր հավաքում: Ուղղակի մի խնդիր կա, որ պետք է կառավարությունը կարողանա լուծել. հիմնականում այն խնդիրը, որ չլուծվեց 3 տարվա ընթացքում, ինստիտուցիոնալ բարեփոխումներն էին, այսինքն` պետական ինստիտուտների կայացման խնդիրը», - շեշտեց Խաչատրյանը: