Մոլդովայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Նոր գումարման խորհրդարանի 101 տեղերը լրացնելու համար պայքարում են 20 կուսակցություններ և դաշինքներ։
Հիմնական պայքարը ծավալվել է գործող նախագահ Մայա Սանդուի կողմնակիցներին միավորող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության և նախկին նախագահներ Իգոր Դոդոնի Սոցիալիստական և Վլադիմիր Վորոնինի Կոմունիստական կուսակցությունների ձևավորած դաշինքի միջև։
Վերջին սոցհարցումների համաձայն` երկու ուժերն էլ կարող են ստանալ մոլդովացի ընտրողների 35-ից 37 տոկոսի աջակցությունը։ Տեղացի սոցիոլոգները չեն բացառում, որ նախագահ Սանդուի կողմնակիցները, հարաբերական մեծամասնություն ստանալով, այնուհանդերձ կարող են տիրանալ խորհրդարանի մանդատների կեսից ավելիին՝ միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունք ստանալով։