«Անասունը դաշտից սոված է գալիս, ամբարում էլ խոտ չկա»․ երաշտի պատճառով երազգավորսցիները խնդրի առաջ են կանգնել

Երաշտի պատճառով այս տարի գյուղացիները ևս մեկ խնդրի առաջ են կանգնելու, խոտը քիչ է, եղածն էլ թանկ է։ Մեկ հակի արժեքը հաշված օրերի ընթացում գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով 2000 դրամի:

Շիրակի մարզի Երազգավորսի բնակիչ 70-ամյա Գառնիկ Մեսրոպյանն ասում է՝ անասունը դաշտից սոված է գալիս, ամբարում էլ խոտ չունեն: Նա 5 գլուխ անասուն ունի, մտածում է 2֊ին կամ 3֊ին հարկադիր մորթի ենթարկել, որ մյուսներին կարողանա պահել:

«Հարկադիր պիտի մորթեմ, որ չմորթեմ էլ մնացածներին հետը սոված կթողնեմ, կսատկեն, ուժս չի հաղթի, որ 2000 դրամով խոտ առնեմ, 1000-1500 դրամով սալոմ առնեմ, 130 դրամով էլ կաթ տա, որ մշակենք վայելենք, էդ էլ բան չի», - ասաց Գառնիկ պապը։

Նա հաշվարկ է անում, թե մեկ անասունին քանի հակ խոտ է պետք․ - «Մի կովինը մի 80 հակ, որից 40 տուկը խոտ լինի, 40 տուկը սալոմ: Էդ մի 300 կիլոյանոցների համար, 500 կիլոյանոցների համար արդեն բարձր են՝ 100-120 տուկ կուտեն»։

Աթաբեկ Բագրատունին 8 գլուխ անասուն ունի: Ասում է՝ անասունը մեկ հակ խոտ պիտի ուտի, որ 5 լիտր կաթ տա: Պարզ հաշվարկով անգամ ձեռք չի տալիս: Նա էլ ստիպված մի քանի գլուխ անասուն պետք է հարկադիր մորթի ենթարկի:

«Քաղը սկսվել է, սալոմի վիճակը լավ եղավ, գուցե խտացրած կերերով, սալոմով պահենք, հնարավոր չեղավ, ուրեմն հարկադիր մորթի կենթարկենք։ Մատղաշը կպահենք, խոշորը կվերացնենք», - ասաց Աթաբեկ Բագրատունին։

Անասունների հարկադիր ու համատարած մորթն էլ մսի գնի վրա կազդի: Սա ևս մտահոգում է գյուղացիներին:

«Մսի գինը, եթե հատավաճառներն են գալիս տանում, 1000-ից 1200 դրամ է կովերինը, իսկ բտած անասունը մի քիչ բարձր է՝ 2000 դրամով տանում են, էդ վիճակն է։ Մենք էլ համարյա բտած անասուն չունենք», - ասաց գյուղացիներից մեկը։

«Ազատության» զրուցակիցներից մեկն էլ հավելեց․ - «Ղասաբին պիտի տամ, ղասաբն արդեն 1000-1200 դրամ ավել կվերցնի։ Իսկ եթե համատած մորթ լինի, արդեն մսի արժեքը կընկնի, ստիպված ինչ գին էլ ասեն, պիտի տանք։ Տեսա հեչ բան չի լինի, մի հատը կմորթեմ ղավուրմա կանեմ, քեզ կկանչեմ, իրար հետ կուտենք, էն մի հատն էլ կտանենք էս կողմ, էն կողմ կծախենք, տեսնենք ինչ կլինի»։

Երազգավորսի համայնքապետ Արտաշես Մխիթարյանն ասում է՝ գյուղում հաշվառված է շուրջ 735 խոշոր եղջերավոր անասուն: Թե գարնանը քանի գլուխ կմնա, կանխատեսումները այնքան էլ լավատեսական չեն։