Ազգային անվտանգության ծառայությունն այս ամենի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրում։
Քաջարանի քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իրեն էլ ոչինչ հայտնի չէ, և դա նույնպես խնդիր է. - «Ես ինչ-որ անհեթեթ բան եմ լսել... չգիտեմ ով ժամանակին հող ա առել, չգիտեմ ում ա վաճառել... ինչ-որ սենց պատմություն։ Ես կարծում եմ, որ դա ընդամենը առիթ ա հերթական մասկի շոուն կազմակերպելու համար»։
Քաջարանի քաղաքապետը մեղադրյալ է մեկ այլ գործով, որն արդեն դատարան է մտել, ու դատական նիստն էլ այս երկուշաբթի է։ Ըստ մեղադրանքի, Փարամազյանն իր հորը հարվածելու համար մի քաղաքացու է առևանգել՝ պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով։ Փաստաբանն ասում է՝ սա անհեռանկար գործ է, և այդ պատճառով էլ իրավապահներն այլ բան են փնտրում. - «Ակնհայտ ա, որ էդ գործը հեռանկար չունի, դրա համար էսպիսի շոուները շարունակվելու են։ Էն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը Քաջարանում ձայների մեծամասնություն հավաքեց, դրանից հետո, բնականաբար, էս ամեն ինչը սպասելի էր մեզ համար»։
Երեկ էլ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էր որպես կասկածյալ հարցաքննվել Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ գործի շրջանակում։
«Բերման են ենթարկել Հատուկ քննչական ծառայություն հանցանք կատարելու կասկածանքով։ Փաստացի այս պահին ունի փաստաթղթորեն վկայի կարգավիճակ», - «Ազատությանն» ասաց Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Փաստաբանը համոզմամբ, սա քաղաքական հետապնդում է։ Ասաց, որ որևէ ցուցմունք Առուշանյանը չի տվել։
Իսկ այդ գործով մեղադրյալ է Լուսինե Ավետյանը՝ Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավարը։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա հինգ քարահունջցիների փող է փոխանցել որպես սոցիալական աջակցություն, ապա հարկադրել նրանց մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզարշավվին ու հետո էլ քվեարկել դաշինքի օգտին։
Այսօր դատարանը Լուսինե Ավետյանին կալանավորելու որոշում է կայացրել։
Գորիսի համայնքապետարանում վստահեցնում էին, որ Քարահունջի վարչական ղեկավարը որևէ փոխանցում, դրամական աջակցություն տրամադրելու իրավասություն չունի, այդ գործով գորիսի համայնքապետն է զբաղվում, հանձնաժողով կա։
Մամուլը գրում է, թե իրավապահների խնդիրը Լուսինե Ավետյանից ցուցմուքն կորզելն է Գորիսի քաղաքապետի դեմ։
«Տեղեկացված եմ դրա մասին մամուլից։ Փաստել դրա վերաբերյալ չեմ կարող, կարող եմ ընդամենը ենթադրել, որ միգուցեև ճնշումներ են գործադրել այդ տիկնոջ նկատմամբ»։
Քարահունջի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել երկու օր առաջ, նրա շահերի պաշտպանությունն ստանձնել էր փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ Այսօր արդեն Լուսինե Ավետյանի փաստաբանը իր իսկ դուստրն է՝ Մարգարիտա Ղազարյանը։
«Իմ լիազորությունների ծավալը հստակ սահմանված է, դրանում լրատվամիջոցներին որևէ հայտարարություն, հրապարակում անելու լիազորություն տրված չի», - «Ազատութան» հարցին ի պատասախան ասաց Ղազարյանը։
Այս ընտրութուններում Քարահունջի համայքնապետը «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր, Գորիսի ու Քաջարանի համայնքապետերը դաշինքին մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամներ են։
Կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է. - «Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն։ Այս ձեռագիրը կեղծ քրեական գործերի նոր ալիքի վկայությունն է, որով ապիկար իշխանությունները փորձում են խուսափել մոտալուտ արդարադատությունից և շեղել հանրության ուշադրությունը՝ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից»։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ է, լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ այսօր խուզարկություններ են տեղի ունեցել նաև կոմբինատում, աշխատակիցներից մեկը ձերբակալվել է։
Հիշեցնեմ՝ Սյունիքի քրեական զարգացումների վերաբերյալ պաշտոնական որևէ տեղեկատվություն առայժմ չկա։